Մատչելիության հղումներ

Ստամբուլի դատարանը արգելել է Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովի անցկացումը


Ստամբուլի դատարանը արգելել է Բողազիջի համալսարանում սեպտեմբերի 23-ից 25-ը կայանալիք «Հայերը Օսմանյան կայսրության փլուզման շրջանում. գիտական պատասխանատվության եւ ժողովրդավարության հարցեր» գիտաժողովի անցկացումը:

Հայկական հարցին նվիրված այս միջազգային գիտաժողովը պետք է կայանար մայիսի 25-ին, սակայն հետաձգվել էր անորոշ ժամանակով. Թուրքիայի արդարադատության նախարար Չեմիլ Չիչեկը թուրք պատմաբանների նախաձեռնությունը անվանել էր «դավաճանություն, թուրք ժողովրդի մեջքին խրված դաշույն»:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, այս անգամ արգելման որոշումը կայացվել է արդեն դատական մակարդակով՝ Թուրքիայի իրավաբանների միության դիմումի հիման վրա:

«Դատարանը գիտաժողովի կազմակերպիչներից՝ Ստամբուլի Բողազիջի (Բոսֆորի) եւ Սաբանչի համալսարաններից, պահանջել է 30 օրվա ընթացքում տեղեկություններ ներկայացնել գիտաժողովի բովանդակության, մասնակիցների ու զեկուցողների մասին եւ դադարեցնել գիտաժողովի հետ կապված գործունեությունը», - հայտնել է կազմակերպիչներից Նուխեթ Շիրմանը:

Դատարանի որոշումը քննադատել է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

«Անհնար է, որ ես ողջունեմ նման որոշումը այն ժամանակ, երբ քայլեր են արվում դեպի ավելի զարգացած ժողովրդավարություն, ավելի ազատ Թուրքիա», - հայտարարել է Էրդողանը:


Ստամբուլի դատարանի որոշումը ուրբաթ օրը խստորեն դատապարտել եւ սադրանք է որակել Եվրահանձնաժողովը:

«Իրավական հիմքերի բացակայությունը եւ գիտաժողովի անցկացումից մեկ օր առաջ կայացված որոշումը նոր սադրանքի տպավորություն են թողնում», - հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարի խոսնակ Կրիշտինա Նագին:

Մինչ այդ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը սադրանք էր որակել Թուրքիայի մտադրությունը դատել հայտնի գրող Օրհան Փամուկին, ում սպառնում է մինչեւ երեք տարի ազատազրկում՝ «Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունները պաշտպանելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG