Մատչելիության հղումներ

«Հայկական ժամանակ»-ը դիտարկում է Հայկական սոցիոլոգիական ընկերակցության դեմ դատական հայց ներկայացնելու հարցը


«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, «նկարված» որակելով Հայկական սոցիոլոգիական ընկերակցության հարցման արդյունքները, ըստ որոնց «Հայկական ժամանակ»-ը սոսկ եզրափակում է երկրում ամենակարդացվող թերթերի ցուցակը, հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրենք իրավաբանների հետ քննարկում են ընկերակցության դեմ դատական հայց ներկայացնելու իրավական հիմքերը:

Նշված սոցիոլոգիական հարցման արդյունքները մի քանի օր առաջ հրապարակել էր ռուսաստանյան «Ռեգնում» գործակալությունը՝ հղում անելով Հայկական սոցիոլոգիական ընկերակցությանը:

«Կարող եմ պնդել, որ «Հայկական ժամանակ»-ը ամենամեծ լսարանն ունեցող եւ ամենամեծ տպաքանակն ունեցող օրաթերթն է», - ասաց Փաշինյանը՝ վստահեցնելով, թե, ի տարբերություն շատ այլ օրաթերթերի, իրենք միշտ հրապարակում են թերթի իրական տպաքանակը, որն այս պահին մոտ 4 հազար 800 օրինակ է եւ գերազանցում է բոլոր մյուս թերթերի տպաքանակը:

«Ռեգնում» գործակալության տեղեկատվության համաձայն, հարցումը իրականացվել էր «Միացյալ Նահանգների տարբեր շրջանակների պատվերով»:

«Սոցիոլոգիական ընկերակցությունը ուղղակի իր առաջ կոնկրետ խնդիր է դրել որոշակի շրջանակների տվյալ պատվիրատուին մոլորեցնելու», - այդ կապակցությամբ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ չբացառելով, թե դա արվել է հեռահար նպատակներով: - «Եթե, օրինակ, որեւէ մեկը հանկարծ ինչ-որ իրավիճակում փորձի պարզաբանումներ ստանալ, թե ինչու Հայաստանի Հանրապետությունում չի տպագրվում «Հայկական ժամանակ» թերթը, նրան ցույց կտան այս սոցիոլոգիական հարցումը, ըստ որի «Հայկական ժամանակ» թերթը չունի ընթերցող»:

Հայկական սոցիոլոգիական ընկերակցության ղեկավար Գեւորգ Պողոսյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախ հայտարարեց, որ իրենք «Ռեգնում» գործակալությանը որեւէ հարցման արդյունքներ չեն տրամադրել եւ ԱՄՆ-ից նման պատվեր չեն ստացել: Պողոսյանը, այդուհանդերձ, հարկ համարեց բացատրել հրապարակված հարցման տրամաբանությունը:

«Ուղղակի կապ տպաքանակի եւ ընթերցանության հետ չկա», - ասաց նա:

Պողոսյանը ուղղակի պատասխան չտվեց դիտարկմանը, թե եթե «Ռեգնում»-ի հրապարակած հարցումը իրենց չի պատկանում, ինչու է ինքը փորձում բացատրել այդ հարցման տրամաբանությունը՝ ասելով. - «Ես իմ՝ որպես սոցիոլոգի, պարտքն եմ համարում... Որովհետեւ մենք նման հարցումներ էլի ենք արել ու տպագրել ենք... Միայն տիրաժի հետ կապել ընթերցանությունը ուղղակի սխալ է»:

Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, վստահեցրեց, որ ինքը դեռ երկու օր առաջ զանգահարել է Պողոսյանին այս հարցման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով:

«Ինքը ընդունել է, որ նման հարցում անցկացրել է եւ ասել է, որ այդ հարցման արդյունքները ստացվել են հենց այնպես, ինչպես հրապարակված է «Ռեգնում» գործակալության կողմից», - փոխանցեց Փաշինյանը: - «Եվ երբ որ ես իրեն բացատրել եմ, որ նման արդյունքներ չէին կարող ստացվել, ինքը, դրանից հասկանալով, որ իրավիճակը մի քիչ այլ է, ըստ ամենայնի, փորձում է, այսպես ասած, մի քիչ տարանջատվել այդ հարցումից»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG