Մատչելիության հղումներ

Նախագահ Քոչարյանը Անկախության տոնի կապակցությամբ շեշտադրում է երկրի «կայուն զարգացումը»


Այսօր Հայաստանում նշվում է Անկախության տոնը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացվեց Հայաստանի անկախության հանրաքվեն, որի արդյունքներով Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդը ընդունեց «Անկախության մասին» հռչակագիրը:

«Հայաստանի Հանրապետությունն իր տասչորսերորդ տարեդարձը նշում է որպես կայուն զարգացող պետություն։ Մենք հաջողությամբ շարունակում ենք իրականացնել բարեփոխումների համապարփակ ծրագրերը։ Ծրագրեր, որ գործնականորեն կընդգրկեն Հանրապետության կենսագործունեության բոլոր կողմերը», - ասված է նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձում։

«Արդեն չորրորդ տարին է, ինչ Հայաստանի տնտեսական աճը բնորոշվում է երկնիշ թվերով: Սա արդյունքն է, առաջին հերթին, մեր ժողովրդի աշխատանքի եւ աշխատասիրության, ինչպես նաեւ իշխանությունների վարած արդյունավետ քաղաքականության», - ուղերձում շարունակել է նախագահը։ - «Սա հնարավոր էր ներքին քաղաքական կայունության պայմաններում, ինչը նախապայմանն է երկրի առաջընթացի համար։ Կարեւոր է, որ զարգացման արդյունքները մեծապես ուղղվում են սոցիալական ոլորտ։ Տնտեսության աճը պետք է անմիջապես ազդի մեր քաղաքացիների բարեկեցության վրա»:

Նախագահի լավատեսությանը արձագանքել է Ազգային ժողովի նախագահ, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասել է. - «Այս 14 տարիներին անարդարություններ շատ ենք տեսել... Այսօր կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը որպես ինքնիշխան պետություն կայացած է: Կայացած է իր թերություներով, բացթողումներով, հաջողություններով: Կարծում եմ, որ արդեն մենք մի սահմանագիծ ենք անցնում, որ կոչվում է կայացումից անդին»:

«Վստահաբար կարելի է ասել, որ մեծ ծավալի աշխատանք կա կատարված, բայց կան նաեւ բազմաթիվ չլուծված խնդիրներ», - շարունակել է Ազգային ժողովի նախագահը: - «Այս տարիների ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել նաեւ զանգվածային կողոպուտ, թալան տարբեր ոլորտներում, եւ ավերը այնքան մեծ է եղել, որ այս վերաշինման ծրագիրը նույնպես բավականին բարդ է եղել»:

Նախկին իշխանությունների ներկայացուցիչների համար, սակայն, հայաստանյան ներկայիս պատկերը շատ ավելի տխուր է: «Մենք հիմա շատ ծանր ժամանակներ ենք ապրում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նախկին իշխանությունների ղեկավարներից Դավիթ Շահնազարյանը: - «Այսօրվա մեր անկախությունն ու պետականությունը արատավորված է ներկայիս գործող հանցավոր իշխանություններով, որոնք իրականում որեւէ կապ չունեն մեր պետականության հետ»:

«Բայց, միեւնույն ժամանակ, դա չի նշանակում , որ անկախությունը ճիշտ չէր», - շարունակեց նա: - «Պետականությունը ցանկացած ժողովրդի երազանքն է, եւ ցանկացած ժողովրդի համար այն պետք է լինի բացարձակ արժեք»:

Անկախության տոնը այնքան էլ մեծ ոգեւորության աղբյուր չէ շարքային քաղաքացիներից շատերի համար: «Լավ է, որ անկախ ենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց երեւանցի մի կին - «Բայց անկախությունը չպետք է լինի, որ ոչ մի բան ոչ մի բանից չպետք է կախված լինի... Անկախությունը դա ազատությունն է, ինքնահաստատումն է: Իսկ Հայաստանը ես դեռ այդպես չեմ տեսնում: Ձեւական է այդ անկախությունը»:

Կոտայքի մարզի Ակունք գյուղի մի բնակիչ, ով 14 տարի առաջ «այո» է ասել անկախության հանրաքվեի ժամանակ, այսօր «Ազատությում» ռադիոկայանին ասաց. - «Դե որ իմանայինք ասպես կլիներ՝ ո՞վ [այո] կասեր»:

«Վեց հազար դրամ եմ ստանում, 6 հազարն էլ լույսին եմ տալիս. ես ո՞նց անկախություն տոնեմ», - ասաց նույն գյուղից մի թոշակառու:


Կարինե Քալանթարյան, Շաքե Ավոյան, Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG