Մատչելիության հղումներ

Հասարակական կազմակերպությունները կշարունակեն ակցիաներն ընդդեմ Բաքու - Ջեյհան նավթամուղի


«Երկրագնդի բարեկամներ» (Friends of the Earth International) միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Հաննա Էլիսը երկուշաբթի օրը հայտարարել է, որ հասարակական կազմակերպությունները շարունակելու են լայնածավալ գործողություններն ընդդեմ Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի ծրագրի իրագործման:

Բաքվի «Էխո» թերթի փոխանցմամբ, Էլիսը նշել է, որ նավթամուղը չի հանգեցրել տարածաշրջանում տնտեսական եւ սոցիալական իրավիճակի բարելավմանը: Բացի այդ, նավթամուղի շինարարության ընթացքում թույլ են տրվել որոշակի սխալներ, որոնք կարող են բերել լուրջ վթարների:

Հաննա Էլիսը նաեւ հայտնել է, որ սեպտեմբերի 14-ից 15-ը Թբիլիսիում կայացել է Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների նիստը, որի ընթացքում մշակվել է Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատարի ծրագրի մոնիտորինգի հերթական փուլը:

Հանդիպման մասնակիցները, որոնց թվում եղել են նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ընդունել են հռչակագիր, ըստ որի Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հասարակական կազմակերպությունները նախատեսում են ավելի մեծ ուշադրություն դարձնել նավթատարի հարեւանությամբ բնակվող մարդկանց իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաեւ՝ պատասխանատվության կանչել նավթատարի շինարարությունը իրականացնող «Բրիթիշ Փեթրոլիում» ընկերությանը:

«Երկրագնդի բարեկամներ» կազմակերպությունը միավորում է բնապահպանական եւ սոցիալական խնդիրներով զբաղվող աշխարհի 70 երկների հասարակական կազմակերպություններ:

«Էխոն» նաեւ հայտնում է, որ հոկտեմբերի 12-ին ադրբեջանական նավթը հատելու է վրաց-թուրքական սահմանը: Այդ կապակցությամբ Թբիլիսիում կայանալու է պաշտոնական արարողություն: «Բրիթիշ Փեթրոլիում - Ադրբեջան» ընկերության տնօրեն Դեւիդ Վուդվորդը նշել է, որ «Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատարի թուրքական հատվածը ավարտելու համար դեռ շատ անելիք կա»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG