Մատչելիության հղումներ

Մինչեւ Եվրամիությունն անդամակցելը Թուրքիան պետք է ճանաչի Կիպրոսի Հանրապետությունը


Եվրամիության 25 անդամ պետությունների դեսպանները երկուշաբթի օրը համաձայնեցրել են հայտարարության նախագիծը, որով վերահաստատվում է, որ մինչեւ Եվրամիությանն անդամակցելը Թուրքիան պետք է ճանաչի Կիպրոսի Հանրապետությունը:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, փաստաթղթում նշվում է, որ Թուրքիան դա կարող է անել ցանկացած ժամանակ՝ մինչեւ Եվրամիությանն անդամակցելը, «գործընթաց, որը կարող է տեւել առնվազն մեկ տասնամյակ»:

«Բոլոր անդամ պետությունների ճանաչումը Եվրամիությանը անդամակցության գործընթացի անհրաժեշտ բաղկացուցիչն է», - ասված է հայտարարության նախագծում, որը այսօր պետք է պաշտոնապես հաստատվի Եվրամիության պետությունների արտգործնախարարների կողմից:

Փաստաթղթում նաեւ նշվում է, որ Թուրքիան պետք է կատարի Եվրամիության մաքսային պայմանագրի պահանջները, ըստ որի Թուրքիայի նավահանգիստները եւ օդանավակայանները պետք է բաց լինեն Եվրամիության բոլոր երկրների, այդ թվում՝ Կիպրոսի նավերի եւ ինքնաթիռների համար:

Անցած հուլիսին, ստորագրելով Մաքսային համաձայնագիրը, Թուրքիան հանդես էր եկել հատուկ հայտարարությամբ, թե՝ «համաձայնագրի ստորագրումը չի նշանակում Կիպրոսի Հանրապետության ճանաչում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG