Մատչելիության հղումներ

Շվեյցարիան նոր մեղադրանքներ է ներկայացնում Հայոց ցեղասպանությունը մերժող թուրք քաղաքական գործչին


Շվեյցարիայի իրավապահ մարմինները երկուշաբթի օրը նոր մեղադրանքներ են ներկայացրել Թուրքիայի Աշխատանքի կուսակցության նախագահ Դողու Պերինչեկին, ով արդեն երրորդ անգամ խախտել է Շվեյցարիայի հակառասիստական օրենքը՝ մերժելով Հայոց ցեղասպանության փաստը:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, Բեռնի ոստիկանության խոսնակ Մարկո Կորտեսին հայտնել է, որ Պերինչեկը կիրակի օրը Բեռնում ունեցած ելույթում Հայոց ցեղասպանությունը անվանել է «միջազգային սուտ», եւ հաջորդ օրը նույնը կրկնել է Ցյուրիխում կայացած ասուլիսի ժամանակ:

Ըստ Շվեյցարիայի օրենսդրության, ցեղասպանության հասարակական մերժումը կամ արդարացումը հակասում է հակառասիստական օրենքին եւ դիտվում է որպես քրեորեն պատժելի հանցանք:

Երեքշաբթի օրը Պերինչեկը հարցաքննվելու է Վո կանտոնի ոստիկանության կողմից՝ մայիս ամսին արած նմանատիպ հայտարարությունների համար:

Թուրքիայի Աշխատանքի կուսակցության նախագահ Դողու Պերինչեկը, ով հաճախ է այցելում Շվեյցարիա, Հայոց ցեղասպանությունը մերժող հայտարարությամբ հանդես էր եկել նաեւ հուլիսի վերջին՝ Օպֆիկոն-Գլաթբուրգ քաղաքում Լոզանի պայմանագրի 82-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ:

Շվեյցարիայի դատական մարմինները Հայոց ցեղասպանությունը մերժելու մեղադրանքով մայիսին քրեական գործ էին հարուցել նաեւ Թուրքիայի պատմագիտական միության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG