Մատչելիության հղումներ

Մայրաքաղաքի երեք համայնքներում կայացան թաղապետի ընտրությունները


Երեւանի երեք համայքներում թաղապետերի ընտրությունները, ըստ նախնական հաշվարկների, անակնկալ արդյունքներ ունեցան. թեեւ բոլոր համայքներում էլ գործող թաղապետերը փորձում էին պահպանել իրենց դիրքը, բայց դա հաջողվեց միայն Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանին, ով, ի դեպ, մրցակից չուներ:

Մյուս երկու համայնքներում՝ Նուբարաշենում եւ Քանաքեռ- Զեյթունում, գործող թաղապետերը պարտվեցին: Հարկ է նշել նաեւ նաեւ, որ իշխանամետ ուժերը այս ընտրություններում պայքարում են միմյանց դեմ. ինչպես հաղթած, այնպես էլ պարտված թեկնածուները իշխանական թեեւից են:

Քանաքեռ-Զեյթուն համայնքում գործող թաղապետ Ռուբեն Սինոյանը 3-րդ տեղը գրավեց 4 մրցակիցների մեջ: Ի տարբերություն մյուս երկու համայնքների, այստեղ դեռեւս պայքարը, որը բավականին բուռն ընթացք է ունեցել, չի ավարտվել: Դեռեւս նախնական տվյալներով հաղթող թեկնածու Արայիկ Քոթանջյանի կարծիքով, իր եւ երկրորդ տեղը գրաված թեկնածուի միջեւ արձանագրված փոքր տարբերությունը՝ ընդամենը 84 քվե, վերահաշվարկից հետո էապես կփոխվի: Նրա խոսքերով, իր առավելությունը պետք է կազմեր 1000-ից ավելի քվե:

Քոթանջյանը լսել է ընտրակաշառքների մասին խոսակցություններ, բայց կարծում է, որ իրեն ավելի շատ վնասել են կեղծիքները, որոնք հիմնականում արտահայտվել են անճշտություններն արհեստականորեն ուճացնելու ձեւով:

Այստեղ երկրորդ տեղը գրաված Վալերի Հարությունյանի շտաբում մռայլ տրամադրություններ էին տիրում: Հարությունյանի կողմնակիցները, այդուհանդերձ, պարտությունը չեն ընդունում. բողոքարկել են 29 ընտրատեղամասերից 10-ի արդյունքները, եւ կարծում են, որ իրենց թեկնածուն ամենաքիչը 300-ով ձայնի առավելությամբ հաղթել է:

Երեւանի ամենափոքր՝ Նուբարաշեն համայնքը ավելի քան 22 տարի ղեկավարած Ռոբերտ Ասատրյանը երեկ պարտություն կրեց 26-ամյա թեկնածու Մհեր Հովհաննիսյանից: Վերջինիս, ում աջակցել է գործարար Գագիկ Ծառուկյանը, կողմ են քվեարկել Նուբարաշենի շուրջ 7000 ընտրողներից ավելի քան 3000-ը:

Մհեր Հովհաննիսյանի չհաջողվեց զրուցել, քանի որ, աջակիցների խոսքերով, նա «ամբողջ գիշեր խրախճանքի մեջ է եղել»: Խրախճանքին մորթվել են գառներ եւ նույնիսկ մեկ ցուլ. հյուրասիրել են բոլոր նուբարաշենցիներին:

Նուբարաշենցիների հերքում էին, թե ընտրակաշառք (մասնավորապես, շաքարավազ) է բաժանվել՝ դա անվանելով «բարեսիրտ օգնություն»:

«Ոչ մի ընտրակաշառք չի եղել», - ասաց մի կին: - «Կարո՞ղ է ինքը [Ասատրյանը] չի արել: Ինքն է տվել մարդկանց գումար, ինչ-որ բան, որ ընտրեն, չէ՞: Ամեն տեղ էլ անում են դա: Նույնն էլ այստեղ է եղել... Հո չեն տվել ընտրելու համար. տվել են օգնություն մարդկանց: Դա ոչ ոք կաշառք չի համարել»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG