Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվի երկրում ստեղծված իրավիճակը


Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության պահանջով երկուշաբթի գումարվելիք արտահերթ նիստում քննարկվելու է վերջին շրջանում քուրդ գրոհայինների եւ իսլամական ծայրահեղականների ակտիվացման հետեւանքով երկրում ստեղծված իրավիճակը:

CNN-Turk հեռուստաալիքի փոխանցմամբ, արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ ուրբաթ օրը հանդես էր եկել ընդդիմադիր Ազգային հանրապետական կուսակցությունը, որը հավաքելով անհրաժեշտ 123 ստորագրություններ, համապատասխան դիմում էր ներկայացրել Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բյուլենթ Արինչին: Նախաձեռնությունը ողջունել է նաեւ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Թուրքիայի իշխանությունները քուրդ գրոհայինների եւ իսլամական ծայրահեղականների ակտիվացումը դիտում են որպես Եվրամիությանը անդամակցության շուրջ հոկտեմբերի 3-ին մեկնարկող բանակցությունները խափանելու փորձ, սակայն նշում են, որ «երկրում արտակարգ իրավիճակ չի հայտարարվելու»:

«Արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Թուրքիան այլեւս չի վերադառնա այն շրջանին, երբ երկրում գործում էր արտակարգ իրավիճակի ռեժիմը», - ըստ CNN-Turk հեռուստաալիքի, օրերս հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլը եւ ավելացրել. - «Մենք թույլ չենք տա շեղվել ժողովրդավարական բարեփոխումներից, միեւնույն ժամանակ, ահաբեկչությանը հակազդելու համար ամենաարդյունավետ ձեւով գործի կդնենք բոլոր իրավասությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG