Մատչելիության հղումներ

Հայաստանը ողջունում է Միացյալ Նահանգների Կոնգրեսի հանձնաժողովի որոշումը


Ուրբաթ օրը Հայաստանը ողջունել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ երկու բանաձեւերի ընդունումը՝ հույս հայտնելով, որ դրանք կմտնեն Ներկայացուցիչների պալատի նիստի օրակարգ:

«Մենք ողջունում ենք Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը: - «Թեեւ պետք է հասկանալ, որ դա ընդամենը հանձնաժողովի որոշում է եւ ճանապարհ ունի անցնելու՝ նկատի առնելով, որ դեռեւս պետք է Կոնգրեսի լիագումար նիստում ընդգրկվի այդ հարցը, քննարկվի եւ որոշում ընդունվի դրա կապակցությամբ: Մենք ողջունում ենք այդ որոշումը՝ համարելով, որ դա եւս մեկ քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով»:

«Ես չէի ցանկանա խոսել հնարավորությունների մասին եւ գուշակություններ անել», - շարունակեց նա: - «Ցանկալի կլիներ, որ հարցը ընդգրկվեր, քննարկվեր եւ համապատասխան որոշում ընդունվեր»:

Հանձնաժողովի քվեարկությամբ ընդունված բանաձեւերը ողջունել են նաեւ հայաստանյան խորհրդարանական քաղաքական ուժերը՝ թեեւ նրանցից շատերը թերահավատ են հարցի՝ Ներկայացուցիչների պալատի օրակարգում ընդգրկվելու հնարավորությունների առումով:

Համենայնդեպս, Ազգային ժողովում այսօր հրավիրված ճեպազրույցներում այդ կապակցությամբ իշխողը այդօրինակ տրամադրություններն էին։ Ազգային ժողովում Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, օրինակ, ասաց. - «Շատ շահեկան է, որ նման բանաձեւ է ընդունվել, բայց այսօր Ամերիկան խնդիր ունի կարգավորելու իր հարաբերությունները Թուրքիայի հետ»:

Ընդդիմադիր «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի կանխատեսումները բանաձեւերի առաջխաղացման հարցում նույնպես հոռետեսական են:

«Ինչպես դա եղավ տարիներ առաջ, նույնը հիմա կլինի», - ասաց Գեղամյանը՝ նկատի ունենալով, որ 2000 թվականին օրինագիծը, նախագահ Քլինթոնի նախաձեռնությամբ, հանվեց Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգից: - «Մեկ անգամ եւս կընդգծվի այն կարեւորությունը, որը Միացյալ Նահանգները տալիս են այս տարածաշրջանում Թուրքիային՝ լինելով Հայաստանի Հանրապետության բարեկամը»:

«Ես չեմ ուզում այլ երկրների բանաձեւերի հետ կապել հայ-թուրքական հարաբերությունները», - այդ կապակցությամբ ասաց Համլետ Գասպարյանը: - «Ինչքան ես գիտեմ, այն խորհրդարանները, որոնք քննարկել են Հայոց ցեղասպանությունը եւ ճանաչել են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, այս կամ այն կերպ հորդորել են Թուրքիային հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ»:


Ռուզաննա Ստեփանյան եւ Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG