Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետ


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական 60-րդ նստաշրջանին մասնակցող Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Նյու Յորքում չորեքշաբթի օրը հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ:

«Քաղաքական խնդիրներ Հայաստանի եւ Իրանի միջեւ չկան, իսկ տնտեսական հարաբերությունները զարգանում են, ինչի մասին է վկայում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճը», - ըստ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, նշել է Հայաստանի վարչապետը՝ ավելացնելով. - «Իրանի հավասարակշռված տարածաշրջանային քաղաքականությունը էական դեր է խաղում Հարավային Կովկասում կայունության ամրապնդման գործում»:

Նա կարեւորել է Իրանի հետ իրականացվող տնտեսական ծրագրերի բարեհաջող ընթացքը, որն առավել եւս կխթանի երկկողմ հարաբերությունների ընդլայնումը:

Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել նաեւ իրանահայ համայքնի նկատմամբ Իրանի իշխանությունների դրսեւորած վերաբերմունքի համար եւ արձանագրել, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման գործում այն իր նշանակալից դերն է ունեցել:

Իրանի նախագահ Ահմադինեջադը նշել է, որ հարեւանների, հատկապես՝ Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացումը բխում է Իրանի քաղաքական ուղեգծից: Նա եւս կարեւորել է երկու երկրների միջեւ առկա տնտեսական ծրագրերի հետեւողական իրականացումը, ինչին հետամուտ է լինելու որպես նորընտիր նախագահ:

Միեւնույն ժամանակ Հայաստանի արտգործնախարարությունից հայտնում են, որ արտգործնախարար Վարդան 0սկանյանը, որը նույնպես գտնվում է Նյու 3որքում, հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG