Մատչելիության հղումներ

Ամերիկյան օգնության ծրագրով Ջավախքի ճանապարհների վերակառուցման համար կծախսվի ավելի քան 100 միլիոն դոլար


Երեկ Նյու 3որքում ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շրջանակներում ստորագրեցին մի համաձայնագիր, ըստ որի առաջիկա 5 տարիների ընթացքում Վաշինգտոնը Վրաստանին հատկացնելու է մոտ 300 միլիոն դոլարի օգնություն, որի մի զգալի մասը ծախսվելու է Ջավախքի բնակիչների վիճակը բարելավելու համար:

Մասնավորապես, 102 միլիոն դոլար է տրամադրվելու Ջավախքում 245 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ճանապարհներ կառուցելու եւ վերակառուցելու համար: Դրանցից 50 միլիոնը կհատկացվի Ախալցխա - Ախալքալակ - Նինոծմինդա մայրուղին կառուցմանը:

«Վրաստանի ճանապարհների վերակառուցումը հնարավորություն կտա 43 տոկոսով կրճատել ճանապարհը գյուղական բնակավայրերից դեպի Թբիլիսի՝ դա թույլ կտա գյուղացիներին եւ մանր բիզնեսով զբաղվողներին հեշտությամբ բերել իրենց ապրանքը շուկա եւ օգտվել սոցիալական ծառայություններից», - ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը:


«Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է 12 տոկոսով կրճատել գործազրկությունը Ջավախքում:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG