Մատչելիության հղումներ

Բրենթ Սքոուքրոֆթը զգուշացնում է Կոնգրեսին Հայոց ցեղասպանության օրինագծի կապակցությամբ


Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակը տեղեկացնում է, որ Հայոց ցեղասպանության օրինագծի՝ ամերիկյան Կոնգրեսում քննարկելուց ընդամենը մի քանի օր առաջ Ամերիկայի թուրքական խորհրդի նախագահ Բրենթ Սքոուքրոֆթը նախազգուշացրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դենիս Հասթերթին, որ Հայոց ցեղասպանության ցանկացած քննարկում Կոնգրեսում կվնասի ամերիկյան շահերին:

Սեպտեմբերի 12-ի իր նամակում Սքոուքրոֆթը մեղադրել է օրինագծերի պաշտպաններին «Թուրքիան Արեւմուտքից հեռացնելու» մեջ: «Ցեղասպանություն բառն օգտագործելը ուղղակիորեն կհարվածի տարածաշրջանում ամերիկյան շահերին», - ասված է նամակում:

«Մեզ մեծապես զայրացրել է, որ Սքոուքրոֆթը իր սեփական գործարարական շահերից ելնելով անդամագրվել է Թուրքիայի կառավարության կողմից ցեղասպանությունը ժխտելու անբարոյական քաղաքականությանը»,- այս կապակցությամբ ասել է Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ամերիկայի թուրքական խորհուրդը վերջերս հայտնվել էր ուշադրության կենտրոնում, երբ ամերիկյան Vanity Fair թերթը ծավալուն հոդված էր տպագրել, որտեղ ասվում էր, թե համաձայն Հետաքննությունների դաշնային բյուրոյի կատարած հեռախոսային ձայնագրումների, թուրքական կառավարության անդամները հպարտությամբ ասել են, թե 2000 թվականին կաշառել են Կոնգրեսի անդամների՝ Հայոց ցեղասպանության օրինագծերը տապալելու համար:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակը տեղեկացնում է նաեւ, որ նախօրեին շուրջ 150 հայ երիտասարդներ բողոքի ցույց են անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության մոտ՝ պահանջելով դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին հայտարարությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG