Մատչելիության հղումներ

«Փարիզում տեղի ունեցավ աննախադեպ ներկայացուցչական հանդիպում»


Երկուշաբթի երեկոյան Փարիզում ավարտվել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնաժողովի երկրորդ նիստը: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Ռասել Ջոնսթոնը:

«Փարիզում տեղի է ունեցել աննախադեպ ներկայացուցչական հանդիպում, որին մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահող երկրների ներկայացուցիչները՝ համանախագահներ ռուսաստանցի 3ուրի Մերզլյակովը, ֆրանսիացի Բեռնար Ֆասիեն եւ ամերիկացի Սթիվեն Մաննի կողմից լիազորված Ջոն Քրոսբին», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց նիստի մասնակից, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Շավարշ Քոչարյանը:

Հանդիպմանը ներկա են եղել Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում զեկուցող Գորան Լենմարկերը, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Ղարաբաղի հարցով նախկին զեկուցող Դեւիդ Աթկինսոնը, շփման գծում զինադադարի ռեժիմի պահպանման հարցով մոնիտորինգ իրականացնող ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն, «Լինքս» կազմակերպության ղեկավար Դենիս Սամուտը:

Հայաստանից ելույթ է ունեցել արտգործնախարարության ԵԱՀԿ բաժնի վարիչ Վարուժան Ներսիսյանը, Ադրբեջանից՝ փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:

Շավարշ Քոչարյանի փոխանցմամբ, առաջին հայացքից կարող էր թվալ, թե «այդպիսի բարձր մակարդակի հանդիպումը նույնիսկ չի համապատասխանում այն մանդատին, որն ունի հանձնաժողովը, քանզի վերջինս որեւէ որոշում կայացնելու լիազորություն չունի եւ ընդամենը կոչված է լսել Եվրոպայի խորհրդում ներկայացված Մինսկի խմբի երկրների պատվիրակությունների ղեկավարների տեսակետները բանակցային գործընթացի վերաբերյալ, ամփոփել առաջարկներն, որոնք հանձնաժողովի նախագահ Ռասել Ջոնսթոնը հետագայում կներկայացնի ԵԽԽՎ Բյուրոյին»:

Ըստ Քոչարյանի, «նպատակը ինֆորմացնելն էր, այսօր միջնորդ կազմակերպություներն ու երկրները, մասնավորապես, Մինսկի խմբի համանախագահները դրական են գնահատում հակամարտության կարգավորման հեռանկարը»:

Պատասխանելով այդ հարցին, թե ի՞նչ հեռանկար ունի բանակցային գործընթացը, արդյո՞ք կողմերը կարող են համաձայնության գալ, Շավարշ Քոչարյանն ասաց. - «Եթե նախկինում հիմնական խոչընդոտը տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների հակասությունն էր, ապա հիմա դրանք համատեղելու եւ մեկ փաթեթում տեղավորելու փորձ է արվում»:

Նրա խոսքերով, «դատելով համանախագահներից մեկի ակնարկից, կարելի է ենթադրել, որ միջնորդներն ընդունում են տարածքային ամբողջականությունը, սակայն այն վերաբերում է ոչ թե բուն Լեռնային Ղարաբաղին, այլ վերջինիս կողմից վերահսկվող «գրավյալ տարածքներին»:

«Նրանք ընդունում են նաեւ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, պայմանով, որ նախկինում Լեռնային Ղարաբաղում բնակվող ադրբեջանցիներին պետք է տրվի վերադառնալու եւ անցկացվելիք հանրաքվեին մասնակցելու իրավունք, իսկ հանրաքվեի որոշումը վերջնական է լինելու», - ավելացրեց Քոչարյանը:

Հաշվի առնելով, որ ադրբեջանցիները Ղարաբաղում փոքրամասնություն են կազմել՝ հանրաքվեի արդյունքը նպաստավոր կլինի հայկական կողմի համար: Շավարշ Քոչարյանի խոսքերով, ինքը տեղեկություններ չունի, թե հանրաքվեի ինչպիսի տարբերակ է առաջարկվում՝ «հետաձգվա՞ծ, թե՝ անմիջապես համաձայնության կայացումից հետո»:

Մեկ բան ակնհայտ է՝ առաջարկվող տարբերակում միանշանակ ամրագրվում է այն, որ Ղարաբաղը չի կարող հայտնվել անկլավային վիճակում, այսինքն, կունենա կապ Հայաստանի հետ: Շավարշ Քոչարյանն ասաց նաեւ, թե միջազգային համայնքը, միջնորդ երկրները, մասնավորապես, Ռուսաստանը պատրաստ են հանդես գալ որպես հնարավոր համաձայնության իրագործման երաշխավոր:

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել դեկտեմբերին, եւ «այն դժվար թե լինի այդչափ ներկայացուցչական»:

Դեկտեմբերին պետք է ի մի բերվեն պատվիրակությունների ղեկավարների հաշվետվությունները, սակայն մինչ այդ հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում անհրաժեշտ է Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպում՝ հետագա անելիքների քննարկման նպատակով: Հաշվետվությունները կամփոփի եւ վերջնական հաշվետվության տեսքով ԵԽԽՎ Բյուրոյին (կարեւորագույն որոշումներ կայացնող հիմնական մարմինը) կներկայացնի հանձնաժուղովի նախագահ Ռասել Ջոնսթոնը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG