Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 1-ից պլանային վերանորոգման նպատակով կկանգնեցվի Մեծամորի ատոմայականը


Հոկտեմբերի 1-ից կկանգնեցվի Հայկական ատոմակայանի ռեակտորը՝ պլանային վերանորոգման եւ վերալիցքավորման նպատակով:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Մեծամորի ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանը ասաց, որ նախատեսված էր, որ ատոմակայանը տարեսկզբից մինչեւ հոկտեմբերի 1-ը կարտադրի 2 միլիարդ 300 միլիոն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա եւ հավաստիացրեց, որ ամեին ինչ ընթանում է ըստ գրաֆիկի:

Այս հերթական վերանորոգումը, Մարկոսյանի խոսքերով, կտեւի 45-55 օր, եւ, ինչպես միշտ, նոր վառելիքը տեղադրելու գործըթնացի ժամանակ, գործող կարգի համապատասխան, ներկա կլինեն նաեւ Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները:

Նոր վառելիքի արժեքը, որպես կոմերցիոն գաղտնիք, չի նշվում, բայց կանխավճարը վառելիքի համար արդեն փոխանցված է մատակարար կազմակերպությանը:

Մարկոսյանը չցանկացավ կոնկրետ նշել նաեւ, թե որքան պարտք ունի այսօր Մեծամորի ատոմակայանը՝ չհերքելով, որ պարտքեր կան:

«Անցյալ տարվա աշխատանքի արդյունքներով, մեր պարտքերը զգալի պակասեցրել ենք», - ասաց նա: - «Այս տարի էլ... պարտքերի մի մասը զգալի կպակասեցնենք»:

Անդրադառնալով վերալիցքավորման համար անհրաժեշտ վառելիքին, Մարկոսյանը ասաց, որ թեեւ վառելիքը դեռ կայանում չէ, բայց գումարի 50 տոկոսը արդեն վճարված է եւ հույս հայտնեց, որ մինչեւ ատոմակայանի կանգնելը վառելիքը կլինի տեղում:

Գագիկ Մարկոսյանը փոխանցեց նաեւ, որ այս տարի որեւէ կազմակերպություն պարտք չի մնացել ատոմակայանին, ինչը ավելի դյուրին է դարձնում ե’ւ կայանի հերթական վերանորոգման, ե’ւ վառելիքի ձեռքբերման ծասխերը հոգալը:

«Այս տարի 100 տոկոսով մեր արտադրանքի դիմաց ստանում ենք վճարումները», - ասաց նա:

Նախատեսվում է նաեւ մոտ 3 միլիոն դոլարից ավելի արժողությամբ 3 տարբեր ծրագրեր իրականացնել, որոնք ուղղված են ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացմանը՝ նոր տեխնոլոգիաների ներդրման ճանապարհով:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG