Մատչելիության հղումներ

Նիգերիայի դատարանը որոշել է ազատ արձակել ռուս նավաստիներին


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Նիգերիայի դատարանը կայացրել է բանտից ռուս նավաստիների ազատ արձակելու որոշում:

Ռուսաստանյան «ՌԻԱ-Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Աբրահամյանը հայտնել է, որ իր ներկայացուցիչը եւ նավաստիների դատապաշտպանը մեկնել են բանտ, որպեսզի նավաստիներին փոխադրեն Լագոսում գտնվող Ռուսաստանի դեսպանություն:

«Այս դեպքում մենք օգտագործեցինք ճիշտ այն մարտավարությունը, որ մշակել էինք Հայաստանի իշխանությունների հետ՝ Հասարակածային Գվինեայի բանտից 6 հայ օդաչուներին ազատ արձակելու ժամանակ», - ավելի վաղ ասել էր Արա Աբրահամյանը:

«ՌԻԱ-Նովստի» գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի ասել է նաեւ, որ նավաստիների ազատ արձակման ուղղությամբ «ամբողջ աշխատանքը իրականացվել է երկրի արտգործնախարարության եւ անմիջապես արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ սերտ համագործակցության պայմաններում»:

«Սա մեր ընդհանուր հաղթանակն է, ռուսաստանյան դիվանագիտության հաղթանակը», - ասել է Արա Աբրահամյանը:

Հունական ընկերությանը պատկանող African pride տանկերի անձնակազմը, որից 15-ը Ռուսաստանի քաղաքացիներ են, Նիգերիայի իշխանությունների կողմից ձերբակալվել էր 2003 թվականի աշնանը՝ նավթի մաքսանենգության մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG