Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան հարցով ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նիստ Փարիզում՝ առանց Ղարաբաղի մասնակցության


Երկուշաբթի օրը Փարիզում կայանալու է Լեռնային Ղարաբաղի հարցով Եվախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի երկրորդ նիստը:

Հանձնաժողովը, որը ղեկավարում է բրիտանացի լորդ Ռասել Ջոնսթոնը, ստեղծվել էր ԵԽԽՎ հունվարյան նաստաշրջանում Դեւիդ Աթկինսոնի հեղինակած՝ ղարաբաղի հարցով զեկույցի հիման վրա ընդունված թիվ 1416 բանաձեւի շրջանակներում: Բանաձեւը մի քանի կոնկրետ կետեր է նախանշում հակամարտության կողմերի համար. զերծ մնալ պատերազմի սպառնալիքներ տարածելուց, պատերազմի քարոզչությունից, ինչպես նաեւ հարեւան երկրի նկատմամբ ատելության քարոզից:

Փարիզ են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահներ Յուրի Մերզլյակովը եւ Բեռնար Ֆասիեն, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն, Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ զեկուցող Գորան Լենմարկերը եւ ԵԽԽՎ նախկին զեկուցող Դեւիդ Աթկինսոնը:

Նիստին մասնակցելու նպատակով Փարիզ են մեկնել Հայաստանի Ազգային Ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը եւ պատգամավոր Շավարշ Քոչարյանը, ինչպես նաեւ հիմնական զեկուցող, արտգործնախարարության ներկայացուցիչ Վարուժան Սարգսյանը:

«Հանձնաժողովը կարող է ունենալ շատ կարեւոր նշանակություն, եթե իսկապես կարողանա լրջորեն հետեւել իրավիճակին, ԵԽԽՎ թիվ 1416 բանաձեւով նախատեսված առաջարկությունների կատարմանը», - Փարիզ մեկնելուց առաջ «Ազատություն» ռադիոկայանին հաղորդեց Տիգրան Թորոսյանը՝ ավելացնելով, որ դա մեծ ջանքեր կպահանջի ոչ միայն հանձնաժողովի անդամներից, այլեւ հակամարտող կողմերից:

Ազգային Ժողովի փոխխոսնակի հավաստմամբ, մինչեւ այս տարեվերջ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է ներկայացնեն իրենց երկրներում հարցի կարգավորման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին տեղեկանք: Դրա ամփոփիչ տեքստը հանձնաժողովը կփոխանցի նաեւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին:

Շավարշ Քոչարյանի կարծիքով, Հայաստանը այնքան էլ շահեկան դիրքում չէ, քանի որ առաջինը հանդես է գալու Հայաստանի ներկայացուցիչը, որից հետո՝ Ադրբեջանինը, որը, ըստ էության կունենա առավելություն: - «Պետք է նաեւ հաշվի առնել, որ բանաձեւը, ինքնին, շեղված է դեպի Ադրբեջանի տեսակետ», - նշեց Շավարշ Քոչարյանը:

Պատգամավորը Հայաստանի գլխավոր բացթողումն է համարում նիստին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների բացակայությունը:

«Եթե Ադրբեջանը կարող է ամբողջությամբ խոսել հակամարտության կարգավորման մասին, ապա Հայաստանը նման բանի լիազորված չէ եւ ի վիճակի չէ անել», - ասաց Շավարշ Քոչարյանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG