Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում եւ պետքարտուղարությունում


Այս օրերին Վաշինգտոնում գտնվող Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի նախագահ, հանրապետական Դենիս Հաստերտի հետ: Քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների լայն շրջանակին առնչվող հարցեր:

Ազգային Ժողովի հասարակության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ որոշվել է զարգացնել հարաբերությունները ԱՄՆ Կոնգրեսի եւ Ազգային Ժողովի միջեւ՝ մատնանաշելով, որ դրանց փաստացի բացակայությունը չի նպաստում երկկողմ համագործակցությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մի քանի կոնկրետ խնդիրների շուրջ համագործակցության մասին:

Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաեւ ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատական խմբակցության ղեկավար Նենսի Փելոզիի, դեմոկրատական փոքրամասնության վերահսկիչ մարմնի ղեկավար Սթենլի Հովերթի հետ: Նրանց հետ եւս ԱԺ նախագահը քննարկումներ է ունեցել Հայաստանին եւ հայ ժողովրդին հուզող տարաբնույթ խնդիրների, Հայաստանում եւ տարածաշրջանում իրականացվող գործընթացների մասին:

ԱՄՆ-Կովկաս (Հայաստան) հանձնախմբի համանախագահներ Ջոն Նոլենբերգի եւ Ֆրենկ Փալոնի, կոնգրեսականներ Աննա Էշուի, Ջոն Սվինիի, Սկոտ Գերոտի, Ադամ Շիֆի եւ Ջո Շվորսի հետ քննարկվել են Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերացման, ցեղասպանության ճանաչման, հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող այլ խնդիրներ:

Կոնգրեսի օրակարգում է գտնվում երկու նախագիծ՝ ցեղասպանության ճանաչման, եւ Թուրքիայի կողմից Հայաստանը շրջափակելու միջոցով նոր երկաթգիծ կառուցելու նախաձեռնության դեմ: Ազգային Ժողովի նախագահը խնդրել է աջակցել նշված հարցերում Հայաստանի շահերը պաշտպանելուն՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներին հայանպաստ գործունեության համար:

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով տեղակալ Դան Ֆրիդի, Կովկասի եւ Ասիայի հարցերով տնօրեն Ջոն Ֆոքսի հետ քննարկվել են Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին եւ հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող հարցեր:

Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գծով Պետքարտուղարի գործող տեղակալ Գլին Դեւիսի հետ քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, սահմանադրական, ընտրական եւ դատաիրավական բարեփոխումներին առնչվող հարցեր:

Այնուհետեւ Արթուր Բաղդասարյանը մեկնել է Նյու Յորք, որտեղ մասնակցելու է խոհրդարանների նախագահների 2-րդ համաշխարհային կոնֆերանսի աշխատանքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG