Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը մտադիր է դադարեցնել խորհրդարանական բոյկոտը


Չորեքշաբթի օրը հայաստանյան հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարները հաստատեցին, որ մտադիր են դադարեցնել դեռեւս 2004-ին հայտարարված բոյկոտը եւ լիարժեքորեն մասնակցել խորհրդարանական աշխատանքներին:

«Ազգային միաբանություն» խմբակցությունը համոզված է, որ խորհրդարան վերադառնալն այլեւս անհրաժեշտություն է: Կուսակցության եւ խմբակցության նախագահ Արտաշես Գեղամյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Խմբակցության պատգավորները, վերլուծելով արտահերթ նստաշրջանի արդյունքները, համոզման են եկել, որ պետք է գնալ Ազգային ժողով, որովհետեւ միայն այդ պարագայում ազգաբնակչության համար ակնհայտ կդառնա կոալիցիայի տապալումը»:

«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, իր հերթին, այսօր կայացած «Արդարություն» դաշինքի նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենք կվերադառնան խորհրդարան:

«Ժողովուրդը մեզ դիմում է, որպեսզի մենք մասնակցենք Ազգային ժողովի աշխատանքներին եւ ցույց տանք ռեժիմի իրական դեմքը», - ասաց նա:

«Արդարություն» խմբակցությունն էլ եթե ոչ այս, ապա հաջորդ եռօրյային արդեն լիարժեք կերպով կմասնակցի օրենսդրական աշխատանքներին, բացառությամբ «Հանրապետություն» կուսակցության: Դաշինքի խորհրդի նիստից հետո «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ասաց. - «Ես անձամբ չեմ գնալու խորհրդարան»:

Դիտարկմանը, թե այդ դեպքում կարող է դրվել իրեն մանդատից զրկելու հարցը, նա հակադարձեց. - «Եթե այդքան օրենքը պաշտպանող ազնիվ տղերք են, թող ինձ հեռացնեն»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG