Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Քաղաքական դաշտում «պտույտ մը» գործելուց հետո արմատական ընդդիմությունը կրկին համախմբվում է հիմնականում նույն առաջնորդների եւ քաղաքական նպատակների շուրջ, որ չհաջողվեց կյանքի կոչել 2003-ի ընտրությունների ընթացքում», - արձանագրում է «Հայոց աշխարհ»-ը: Փոփոխություններ նկատելով ընդդիմության արտաքին կողմնորոշումներում՝ թերթը գրում է. - «2,5 տարիների ընթացքում արմատականների հիմնական զբաղմունքն էր դարձել անգլերեն սովորելը, ամերիկյան այցելություններ կազմակերպելը եւ միջազգային զանազան կառույցների՝ Երեւանում գտնվող ներկայացուցիչներին հաճոյանալը... Բայց, ի վերջո, ամերիկացիները մերոնց փոխարեն հեղափոխություն չարեցին՝ պարզ ասելով, որ դա ոչ թե իրենց, այլ Հայաստանի քաղաքական ուժերի ու ժողովրդի գործն է: Ավելին՝ նրանք հայտարարեցին, որ նախընտրում են Հայաստանի ժողովրդավարացման բարեփոխական ուղին եւ եվրոպական կառույցների հետ մեկտեղ սատար կանգնեցին Սահմանադրության բարեփոխման գործընթացին»: Մեկնաբանը, դիտարկելով, թե ընդդիմադիր դաշտը կրկին շրջվում է դեպի Ռուսաստան, նշում է. - «Եթե այսօր Արեւմուտքը Սահմանադրության բարեփոխման հարցում աջակցում է Հայաստանին, ուրեմն՝ նաեւ նրա իշխանություններին, ապա այդ գործընթացը տապալելու կամ գոնե ստվեր նետելու համար հարկավոր է փնտրել Ռուսաստանի աջակցությունը»:

«Առավոտ»-ը ներկայացնում է Vox Populi հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի հետազոտության արդյունքները: Ըստ եզրակացության, չնայած սահմանադրական փոփոխությունների մասին իրենց տեղեկացված համարողների թվի կտրուկ աճին՝ ընդամենը 12 օրում նրանց թիվը 18 տոկոսից աճել է 29 տոկոսի, Ազգային ժողովի քննարկումները բացասական ազդեցություն են թողել Երեւանի բնակիչների ընտրական վարքի վրա. կտրուկ աճել է հանրաքվեի քվեարկությանը չմասնակցելու որոշում հայտնողների թիվը: «Եթե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցկացվի առաջիկա կիրակի օրը՝ կմասնակցե՞ք» հարցին սեպտեմբերի 4-ին «այո» է պատասխանել հարցման մասնակիցների միայն 13 տոկոսը:

«Մինչեւ օրս ո’չ «Ազգային միաբանության», ոչ «Նոր ժամանակներ»-ի, ո’չ ՀՀՇ-ի, ո’չ «Ժողովրդավարական հայրենիք»-ի կամ Ազատական առաջադիմական կուսակցության, ո’չ էլ «Արդարություն» դաշինքի անդամ կուսակցությունների ներկայացուցիչները կամ, առավել եւս, որեւէ պատգամավոր չի բարեհաճել լինել Բյուզանդի փողոցի բնակիչների կառուցած բարիկադների վրա», - արձանագրում է «Առավոտ»-ը: - «Ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր պատեհ ու անպատեհ առիթներով վկայակոչում են ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու նրանց կոչ անում միանալ, կանգնել ընտրություններից առաջ եւ հետո իշխանությունների դեմ կռիվ տալու համար ընդդիմադիրների կառուցած «բարիկադներին», այս դեպքում բավարարվում են իրենց գրասենյակներում հերթական վտարվողներին կարեկցելով եւ օրինախախտման փաստն արձանագրելով»:

«Հայկական ժամանակ»-ը, նույնպես անդրադառնալով Բյուզանդի փողոցի խնդրին, գրոտեսկային ոճով շարադրում է. - «Ասենք, մի օր Միացյալ Ազգերի կազմակերպությունը աշխարհի կարիքների համար որոշում է մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, Հայաստանից հանել եւ տեղափոխել, ասենք, Մոնղոլիա, որտեղ մեզ կտրամադրվի ավելի բարեկարգված տարածք ուղիղ 29 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով... Եթե որեւէ մեկը որոշել է, որ նրանք այդտեղ պետք է չապրեն ու զոռով հանում է նրանց իրենց տներից, ապա նրանք պետք է որ զուտ նյութական իմաստով շատ ավելին ստանան, քան ունեին: Այս տարրական տրամաբանությունը որոշ մարդկանց համար այդպես էլ մնաց անհասկանալի»:

«Հայխնայբանկում Հայաստանի քաղաքացիների սառեցված խնայողական ավանդների խնդիրն ուսումնասիրող աշխատանքային խմբի եզրակացությունը հրապարակման ենթակա չէ», - տեղեկացնում է «Ազգ»-ը: Ինչպես թերթին ասել են խմբի անդամները, այդ եզրակացությունը, ուր մասնավորապես նշված են ավանդների ծավալներն ու դրանց վերադարձման ուղիները, ներկայացված է միայն ՀՀ նախագահին:

«Այլեւս անհերքելի փաստ է, որ «ԱրմենՏել»-ը ցանկանում է բարձրացնել սովորական հեռախոսակապի սակագները», - գրում է «Հայկական ժամանակ»-ը: - «Կապի եւ տրանսպորտի նախարարությանը ներկայացված փաթեթով առաջարկվում է բաժանորդավարձը դարձնել հազար դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի: Այդ հարկը ներառյալ՝ այն կկազմի 1200 դրամ՝ ներկայիս 900 դրամի փոխարեն: Րոպեավճարն առաջարկվում է հաշվարկել մեկ րոպեն ութ դրամով: «ԱրմենՏել»-ն առաջարկում է նաեւ մոտ կիսով չափ պակասեցնել խոսակցական 360 րոպեները»: «Այս սակագները կարող են ուժի մեջ մտնել միայն տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից հաստատվելուց հետո, եւ, եթե դա տեղի ունենա, ապա դրանք կկիրառվեն եկող տարվա հունվարի մեկից», - պարզաբանում է թերթը: Տրասնսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը թերթին փոխանցել է. - «Սակագների փոփոխման վերաբերյալ առաջարկությունները ներկայումս ուսումնասիրման փուլում են»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG