Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Նախորդ օրվա էրոտիկ, սադո-մազոխիստական, տոքսիկոզ եւ սափրագլուխ դրսեւորումները վիրավորական էին թվում հենց թեկուզ այն պատճառով, որ դրանք դիտում էր ողջ ժողովուրդը», - սահմանադրական փոփոխությունների քննարկումները բնութագրում է «Ազգ»-ը: «Իրավունք»-ի մեկնաբանի հայացքով, Ազգային ժողովում տեղի ունեցածը ՀՀԿ (Հայաստանի հանրապետական կուսակցության) խմբակցության ներկայացուցիչների մի մասը հակված է բացատրել «Սերժ Սարգսյան - Անդրանիկ Մարգարյան վերջին ամիսների քողարկված հակամարտությամբ»: Եվ մասնավոր զրույցներում կարծիք են հայտնում, որ «խորհրդարանական ռազբորկաները պաշտպանության նախարարի պասով սարքած սադրանքի հետեւանք են, որի նպատակն է վարկաբեկել խորհրդարանը ու, նախ եւ առաջ՝ Ազգային ժողովի մեծամասնությունը»: Ըստ մեկնաբանի, հավանական է, որ դրանով հող է ստեղծվում հարկ եղած դեպքում խորհրդարանը լուծարելու համար:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի դիտարկմամբ, «Ժողպատգամավոր» խումբը սահմանադրական փոփոխությունների քննարկումներին գրեթե չմասնակցեց: Այս կապակցությամբ պատգամավորական խմբի անդամ Վահրամ Բաղդասարյանը թերթում պարզաբանում է. - «Ընդդիմույթունն այստեղ իր, կոալիցիան՝ իր խնդիրներն ունի. այս կռվի մեջ մենք պետք է կառուցողական դիրք ընդունեինք եւ՝ ընդունեցինք»:

ՀՅԴ «Երկիր» պաշտոնաթերթի տպավորությամբ, արտահերթ նիստի ժամանակ հնչած ելույթներին այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ Ազգային ժողովի ընդդիմության եւ իշխանության թեւի ներկայացուցիչները «քննարկում են սահմանադրական փոփոխությունների բացառապես երկու տարբեր նախագծեր»: Նույն թերթում գնահատված է. - «Այս փաստաթղթով մենք իրոք հնարավորություն ունենք փոխել մեր կյանքը: Նախագծում իշխանությունները հավասարակշռված են՝ ե’ւ վարչապետն է բավական ուժեղ, ե’ւ Ազգային ժողովը: Հանրապետության նախագահն էլ, իր իշխանություններից լուրջ լծակներ տալով, պահպանում է պետության ղեկավարի իր դիրքը, դատական համակարգն էլ անկախության որոշակի ուղղվածություն է ստանում»:

«Հայոց աշխարհ»-ում Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը նշում է. - «Իշխանությունները շատ լավ հասկանում են, որ հանրաքվեի տապալման դեպքում ոչ թե իրենց են հարվածելու, այլ երկրին»: Թղթակցի հարցին, թե գտնո՞ւմ եք, որ այդ դեպքում հավասարության նշան կդրվի հանրաքվեի եւ Արդբեջանի խորհրդարանական ընտրությունների միջեւ, Վահան Հովհաննիսյանը պատասխանում է. - «Մենք շատ լավ նվեր մատուցած կլինենք Ադրբեջանին, նրա պաշտպաններին եւ լոբբիստներին, որոնք կցանկանան կեղծ հավասարության նշան դնել»:

«Առավոտ»-ի մատուցմամբ, Վահան Հոովհաննիսյանը իր ելույթում «հանկարծ» հիշել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տեսանկյունից շատ կարեւոր է, որ Հայաստանը ժողովրդավար երկիր լինի, ուստի «սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին հայ ժողովուրդը պետք է կողմ քվեարկի նաեւ այն պատճառով, որ փաստաթղթի ընդունումը կամրապնդի հայկական կողմի դիրքերը ղարաբաղյան հարցում»: Սրան ի պատասխան թերթը ներկայացնում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի արձագանքը. - «Հենդ դա նկատի ունենալով, նա պետք է հետեւություններ աներ 2003-ին, երբ իրենք, լինելով իշխանություններ, կեղծեցին նախագահական, խորհրդարանական ընտրությունները, երբ 2004-ի ապրիլին ժողովրդի դեմ բռնություն կիրառեցին»: «Նշանակում է՝ այն, ինչ ժամանակին արեն են իշխանությունները ներկայացնող այդ մարդիկ, արել են Ղարաբաղի դեմ: Դա գոնե պետք է խոստովանեն», - եզրակացնում է Արամ Սարգսյանը:

Լեռնային Ղարաբաղի անկախության օրվա առիթով «Այբ-Ֆե»-ն ընդգծում է. - «Չճանաչված պետության համար լավագույն նվերը կլիներ, եթե պաշտոնական Երեւանը ճանաչել ԼՂՀ ինքնիշխանությունը»: Նույն թերթի՝ Հայաստանից ի՞նչ ակնկալիք ունեք հարցին, Ղարաբաղի արտգործնախարար Արման Մելիքյանը պատասխանում է. - «Ղարաբաղի անկախությունը պետք է ճանաչվի այդ թվում նաեւ Հայաստանի կողմից: Սա եմ համարում ճիշտ ուղին: Հետագայում թե մենք ինչպիսի հարաբերություններ կամ փոխհարաբերվելու կերպ կգտնենք՝ դա այլ խնդիր է: բայց առաջնայինը Ղարաբաղի անկախության ճանաչման հարցն է»:

Գյումրիի ոստիկանապետ Շիրակ Շահնազարյանը «Իրավունք»-ում հերքում է այդ թերթի նախորդ համարի հրապարակումը, թե նա «օրենքով գողերի» հետ ճաշկերույթի է մասնակցել «Փարվանա» ռեստորանում: «Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, սարքված գործ է, որն արել է Շիրակի մարզային ոստիկանապետը», - թերթին փոխանցել է Գյումրիի ոստիկանապետը: Մարզային ոստիկանապետ Խաչիկ Ասատրյանն էլ «Իրավունք»-ում պնդում է. - «Ես հայտարարում եմ, որ իսկապես Գյումրիի ոստիկանապետը հուլիսի 28-ին հանդիպել է այդ շրջանակների մարդկանց հետ, մասնակցել է պարզաբանումների, ճաշկերույթի: Տեղի ունեցածը արատավոր երեւույթ է համակարգի համար, ինչի համար ես դիմել եմ ոստիկանապետին: Գեներալ-լեյտենանտ Հայկ Հարությունյանը ծառայողական քննություն է նշանակել Շիրակ Շահնազարյանի նկատմամբ»:

«Հայկական ժամանակ»-ը, անդրադառնալով սեպտեմբերի 1-ին Ռազմական ինստիտուտ կատարած նախագահի այցին, մեկնաբանում է. - «Շատ-շատերը թերեւս նախագահ լինելու պարագայում անպայման կորոշեին գնալ որեւէ շարքային դպրոց: Սա կնշանակեր, որ երկրի նախագահը կրթվածությամբ, դաստիարակությամբ է պայմանավորում երկրի ապագան: Իսկ ահա Քոչարյանը այլ տարբերակ էր ընտրել: Իսկ սա, թերեւս, վկայում է, որ Քոչարյանի աչքերում Հայաստանի ապագան խորապես միլիտարիզացված երկիրն է, որը պետք է տարածաշրջանի ամենահզոր բանակն ունենա եւ հավերժ մնա ֆորպոստ՝ որեւէ գերտերության գավազանը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG