Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Ղարաբաղի ժողովրդի կատարած պատմական ընտրությունն անբեկանելի է»


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, ուղերձում նշվում է. - «Արցախի անկախության 14-րդ տարեդարձը մենք նշում ենք, վերահաստատելով մեր նվիրվածությունը ազատության ու ժողովրդավարության գաղափարներին»։

«Ղարաբաղի ժողովրդի կատարած պատմական ընտրությունն անբեկանելի է։ Դրա ապացույցն են նրա բանակի, պետական կառույցների, տնտեսության առաջընթացը եւ ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացումը», - ուղերձում նշել է նախագահը՝ հավելելով նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախի հուսալի թիկունքն է եւ այդպիսին լինելու է միշտ։ - «Մենք անելու ենք հնարավորը խնդրի արդարացի լուծումը մոտեցնելու համար եւ աշխատելու ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքներին հավատարիմ»։

«Այս տոնը կերտեցին առաջին հերթին նրանք, ովքեր հերոսացան մեզ պարտադրված պատերազմում։ Կառուցելով եւ ամրապնդելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ մենք կատարում ենք նաեւ մեր սուրբ նահատակների պատվիրանը։ Մենք պարտավոր ենք արժանի գործերով շարունակել նրանց մեծագործությունը»։

«Կրկին շնորհավորում եմ բոլորիս այսօրվա մեծ տոնի առթիվ՝ համոզված, որ կերտում ենք բարգավաճ, խաղաղ ու ապահով Արցախ», - ասված է ուղերձում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG