Մատչելիության հղումներ

Վիկտոր Սողոմոնյան. «Նախագահի մամուլի քարտուղարը պետք է խոսի այն ժամանակ, երբ որ կա դրա պատեհությունը»


Նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը պաշտոնավարման 4-րդ ամսում միայն հանդես եկավ մամուլի ասուլիսով՝ դա բացատրելով հետեւյալ կերպ. - «Ես գտնում եմ, որ նախագահի մամուլի քարտուղարը պետք է խոսի այն ժամանակ, երբ որ կա դրա պատեհությունը»:

«Իմ պաշտոնավարության առաջին չորս ամիսների ընթացքում նախագահը բավականին ակտիվ է եղել, բազմաթիվ ելույթներ է ունեցել տարբեր առիթներով, եւ եւ ուղղակի ասելիք չունեի», - փաստարկեց նա:

Ասուլիսի սկզբում Սողոմոնյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերին Ռոբերտ Քոչարյանը կայցելի Բելգիա, իսկ նոյեմբերին՝ Հունաստան։

Այնուհետեւ, պատասխանելով լրագրողների հարցերին, նախագահի խոսնակը անդրադարձավ սահմանադրական փոփոխություններին, ղարաբաղյան հիմնահարցին, հայ-թուրքական հարաբերություններին, ներքաղաքական խնդիրներին։

Սահմանադրական փոփոխությունների՝ այսօր արդեն երկրորդ ընթերցմամբ հաստատված նախագծի ու դրա շուրջ ծավալվող իրադարձություններին նախագահի վերաբերմունքի մասին, Վիկտոր Սողոմոնյանը փոխանցեց Ռոբերտ Քոչարյանի միանշանակ կարծիքը՝ սահմանադրական փոփոխությունների փաթեթը որակյալ փաստաթուղթ է, որի ընդունումը մեկ քայլ առաջ կլինի Հայաստանի համար:

Ընդդիմությունը, մինչդեռ, ըստ նախագահի խոսնակի, սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումից հետո հայտնվել է բարդ կացության մեջ՝ հետեւյալ պատճառով. - «Նրանք սպասում էին այն բանին, որ Հայաստանի իշխանությունները չեն գնա է'լ ավելի ժողովրդավարացման ճանապարհով եւ ինչ-որ կոնֆլիկտի, բախման մեջ կհայտնվեն եվրոպական կառույցների հետ, որից կարելի էր արդեն դիվիդենտներ քաղել եւ գնալ քաղաքական իրավիճակի սրացման ճանապարհով: Բայց այդ հաշվարկները չիրականացան, եւ երկրի իշխանությունները արեցին հնարավորը, որպեսզի այս Սահմանադրության նախագիծը համապատասխանի բոլոր չափանիշներին»:


Հակադարձելով ռուսական մամուլի պնդումներին, թե չի բացառվում Ռոբերտ Քոչարյանի՝ երրորդ անգամ ընտրվելու հնարավորությունը, Վիկտոր Սողոմոնյանը նկատեց, թե դրա համար «իրավական հիմքեր չկան»։

«Ես կարծում եմ, երրորդ ժամկետի մասին խոսելու առիթ եւ հիմնավորում չունենք: Այս մասին չխոսենք: Իրավահաջորդի մասին, կարծում եմ, խոսելը վաղ է՝ եթե ընդհանրապես դրա մասին խոսք է լինելու», - ասաց նա՝ ավելացնելով. - «Առաջարկում եմ հաջորդ ընտրությունների մասին խոսել առնվազն 2007 թվականին»:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի մասին, նախագահի մամլո քարտուղարը հաստատեց, որ դիրքորոշումը մնում է նույնը. պաշտոնական Երեւանը պատրաստ է ցանկացած պահի Թուրքիայի հետ սկսել կառուցողական երկխոսություն, հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ առանց նախապայմանների։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե Հայաստանի նախագահն ինչպե՞ս է վերաբերում Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններին ու այդ ֆոնին ռազմական ծախսերը կտրուկ ավելացնելու գործելակերպին, նախագահի խոսնակը փոխանցեց նախագահի տեսակետը.

«Որքան քիչ խոսենք այն մասին, թե ինչ ենք անում, այնքան լավ: Այսինքն՝ սա այն դեպքը չէ, երբ պետք է վեր կենալ եւ սուր ճոճել... Եթե խոսքը այն մասին է, որ իրենք ասում են, թե նավթադոլարների շնորհիվ պետք է ինչ-որ բեկում մտցվի այս աշխարհաքաղաքական դասավորվածության մեջ, ես կարծում եմ, որ դա ուղղակի իրատեսական չէ»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG