Մատչելիության հղումներ

Անդրանիկ Միհրանյան. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը դատապարտված էր անհաջողության»


Հայտնի քաղաքագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը ադրբեջանական day.az-ի հարցազրույցում հայտարարել է, թե «ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը դատապարտված էր անհաջողության»:

«Նախագահների հանդիպումը, անշուշտ, հարաբերություններում որոշակի առաջընթաց է, սակայն Քոչարյանը եւ Ալիեւը հոյակապ հասկանում էին, որ Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների նախօրեին շատ դժվար կլինի որեւէ համաձայնության գալը», - ասել է Միհրանյանը եւ ավելացրել. - «Ներկայումս Ադրբեջանում նախընտրական պայքարը այնքան է թեժացել, որ զիջումների մասին ցանկացած խոսակցություն այնտեղ բացասական արձագանքի է արժանանում: Այդ իմաստով, հանդիպումը ի սկզբանե դատապարտված էր անհաջողության»:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն կողմերը հակամարտության կարգավորման գործում հաջողության հասնելու համար, Միհրանյանը ասել է. - «Բուն հակամարտող կողմերը ոչինչ անել չեն կարող»:

«Տվյալ դեպքում լուծումը կա'մ կպարտադրվի միջզգային հանրության կողմից, կա'մ էլ կպահպանվի ստատուս քվոն: Սա կարող է շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ կողմերից մեկը չորոշի, որ արդեն բավական հզոր է՝ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար», - հայտարարել է Միհրանյանը:

Ադրբեջանի ռազմական ծախսերը ավելացնելու մասին նախագահ Ալիեւի հայտարարությունները, ըստ քաղաքագետի, Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձ են: Նա միաժամանակ չի բացառել, որ «ռազմական ներուժի հզորացման դեպքում Ադրբեջանի իշխանությունները կարող են չդիմանալ ռազմական ռեւանշ վերցնելու գայթակղությանը»:

«Կարգավորման հարցում որոշակի առաջընթացը հնարավոր կլիներ, եթե մեծ տերությունները կողմերին պարտադրեին ինչ-որ փոխզիջումային լուծում: Իսկ նման պարտադրված լուծման բացակայության պայմաններում Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների համար դժվար է բացատրել ընտրազանգվածին, թե ինչու են նրանք գնում նման ոչ շահավետ զիջումների», - հայտարարել է Անդրանիկ Միհրանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG