Մատչելիության հղումներ

«Air Van Airlines»-ը հայտնվել է Բելգիայի հրապարակած «սեւ ցուցակում»


Բելգիայի տրանսպորտի նախարարությունը երկուշաբթի օրը հրապարակել է ավիաընկերությունների «սեւ ցուցակը», որոնք, Բրյուսելի կարծիքով, չեն պահպանում անվտանգության կանոնները:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, ցուցակում ընդգրկված են 9 ավիաընկերություններ, որոնցից մեկը կոչվում է «Air Van Airlines» (Հայաստան): Առայժմ հայտնի չէ, թե որտեղ է գրանցված հայկական «Air Van Airlines»-ը: Ցուցակում տեղ են գտել աֆրիկյան, լատինամերիկյան եւ ուկրաինական ավիաընկերություններ:

Բելգիայի տրանսպորտի նախարարության այս քայլը պատասխանն է այս ամիս Վենեսուելայում, Հունաստանում եւ Իտալիայում տեղի ունեցած քաղաքացիական ինքնաթիռների վթարների, որոնք հարյուրավոր մարդկանց կյանք են խլել: Ավելի վաղ Ֆրանսիան եւս հրապարակել էր այն 5 ավիաընկերությունների անունները, որոնք անվտանգ չեն:

«Ֆրանսպրես»-ը նաեւ հաղորդում է, որ շատ տուրիստական ընկերություններ Ֆրանսիայում թերահավատորեն են վերաբերվում «սեւ ցուցակին»՝ նշելով, թե դրանցում ընդգրկված ավիաընկերությունները «անհայտն են եւ Ֆրանսիա թռչելու թույլտվություն երբեք չեն խնդրել»:

«Այս ցուցակը ստիպում է մտածել, որ դրանում չընդգրկված ավիաընկերությունները անվտանգ են, ինչը սխալ է: Ավելին՝ ֆրանսիական «սեւ ցուցակի» մեջ չկա մի ավիաընկերություն, որի ինքնաթիռը վթարի ենթարկվեր 2004 թվականից ի վեր», - ասել է տուրիստական ընկերություններից մեկի տնօրենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG