Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Վկայակոչելով նախագահի նստավայրին մոտ կանգնած աղբյուրը՝ «Իրավունք»-ը գրում է. - «Արտգործնախարար Վարդան Օսկանյանը իր որդու հետ տեղի ունեցած միջադեպի՝ ավտոմեքենայով հետիոտնին վրաերթի ենթարկելու կապակցությամբ, մտադրվել էր Ռոբերտ Քոչարյանին ներկայացնել հրաժարականի դիմում, սակայն ՀՀ նախագահը անթույլատրելի էր համարել հրաժարականը, հատկապես այս պահին, եւ նախարարին արգելել է անգամ մտածել դրա մասին»: Միջադեպի կապակցությամբ «Ազգ»-ում ներկայացված է անձամբ Վարդան Օսկանյանի պարզաբանումը, ուր նա ասում է. - «Կատարվածի ամբողջական պատասխանատվությունը եւ մեղքը ես վերցնում եմ ինձ վրա, քանի որ ավտոմեքենայի օգտագործման թույլտվությունը եղել է իմ գիտությամբ եւ հանձնարարությամբ»:

«Հայոց աշխարհ»-ի թղթակիցը զրուցել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Թորդա Էբոթի հետ: Թերթի փոխանցմամբ, վերահաստատելով եվրոպական հանրության, այդ թվում Մեծ Բրիտանիայի, որպես Եվրամիության նախագահող երկրի, շահագրգիռ վերաբերմունքը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դրական հանգուցալուծման նկատմամբ, դեսպանը անդրադարձել է հանրաքվեն գունավոր հեղափոխության վերածելու հայաստանյան ընդդիմության ծրագրերին. «Մենք («մենք» ասելով՝ ես նկատի ունեմ Եվրամիության 25 երկրները) ընդհանրապես զարգացման էվոլյուցիոն ճանապարհը գերադասում ենք հեղափոխական զարգացումներից»:

«Առավոտ»-ում իրավապաշտպան Միքայել Դանիելյանը Եվրախորհրդի ընդգծված հետաքրքրությունը դիտարկում է նաեւ այսպիսի տեսանկյունից. - «Ընդդիմությունը ժամանակին պահանջում էր իշխանությունների վստահության հանրաքվե անցկացնել: Հիմա սահմանադրական հանրաքվեն կարող է լինել իշխանության վստահության հանրաքվեի մի ձեւ: Գուցե Եվրոպան այդ հանրաքվեի անցկացմանը հենց այդպես էլ վերաբերո՞ւմ է: Իմ կարծիքով՝ Եվրոպայի մտադրությունն այս է՝ ընդդիմություն, դուք ուզում էիք վստահության հանրաքվե անցկացնել, իշխանությունները դա չարեցին, խնդրեմ՝ ձեզ քարտ բլանշ է տրված: Եթե հանրաքվեն տապալվում է, որովհետեւ իշխանությունները ժողովրդի վստահության քվեն չունեն, տեսեք՝ ինչ եք անում»:

«Հայկական ժամանակ»-ի մատուցմամբ, Սահմանադրության բարեփոխումների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետը բավականին «զովացրել եւ զվարճացրել էր ընդդիմությանը»: «Ազգային միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանը թերթում արձագանքում է. - «Եթե պարոն Քոչարյանի վարքագծում որեւէ բան բարձր եմ գնահատել՝ դա նրա հումորի զգացում է, որին վերջինս տիրապետում է»: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նույն թերթում ասում է. - «Չնայած շուրջպարի դեպքում Գինեսի ռեկորդների գիրք մտնել չստացվեց, բայց ես վստահ եմ, որ Սահմանադրությունը խախտելու համար Հայաստանի իշխանությունները հաստատ կմտնեն Գինեսի ռեկորդների գիրք: Չկա Սահմանադրության որեւէ հոդված, բացի, թերեւս, դրոշի մասին հոդվածից, որ նրանք խախտած չլինեն»:

«Իրավունք»-ի մեկնաբանի հայացքով, տպավորություն է ստեղծվում, որ Ռոբերտ Քոչարյանը կենսականորեն շահագրգռված է հանրաքվեով կյանքի կոչել սահմանադրական փոփոխությունները. - «Հակառակ դեպքում սկտացվի, որ նա հանրային վստահության ռեսուրս չունի: Պարզ է, որ բնակչության կողմից Սահմանադրության պես անհասկանալի բանի նկատմամբ գրեթե համատարած անտարբերության պայմաններում ՀՀ նախագահը հանրաքվեով բավարար ձայներ ստանալու համար չունի այլ լծակներ՝ բացի վարչական ռեսուրսներից: Հետեւաբար», - շաղկապում է «Իրավունք»-ը, - «նրա համար պետք է կարեւորվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, քանզի հանրաքվեի ժամանակ պետք են գալու վարչական ռեսուրսների կիրառմանը տիրապետող համայնքապետեր»:

«Այսօրվա սահմանադրական նախագծով առաջարկվող տեղական ինքնակառավարման երաշխիքների համակարգը գործող Սահմանադրությունից ավելի վատն է», - «Ազգ»-ում նկատում է փորձագետ Սոս Գիմիշյանը: - «Սահմանադրության նախագծում հիմնական պրոբլեմը համայնքի ղեկավարի նկատմամբ անվստահության ինստիտուտի առկայությունն է»: Նշելով, թե, ըստ փոփոխությունների, ստացվում է, որ բոլորն ուզում են հանրային գումարների ընդամենը 7-8 տոկոսը կազմող համայնքների բյուջեն վերահսկել՝ Սոս Գիմիշյանը եզրակացնում է. - «Պարզ է, որ սա ընդամենը ընտրությունները վերահսկելու ցանկություն է: Ուրիշ ոչինչ»: «Մարզպետարանները եւս անիմաստ կառույցներ են», - խորացնում է փորձագետը, - «քանի որ իրավական լիազորություններ չունեն, եւ դրանց հիմնական դերակատարությունը նույնպես ընտրությունների վրա ազդելն է: Մարզպետարանները ընդամենը ընտրությունների ժամանակ մտրակ են ծառայում համայնքների համար»:

«Առավոտ»-ի խմբագրականը, անդրադառնալով դոլարի կուրսի տատանումներին, հիշեցնում է. - «Մի քանի ամիս առաջ, երբ դոլարի սրընթաց վայրէջքի արդյունքում դրամի փոխարժեքը գրեթե հավասարվեց $1-ի դիմաց 425 դրամի, ազատ եւ պատասխանատու եթերն անմիջապես ողողվեց մեր ազգային արժույթի ահեղացմամբ պայմանավորված՝ տնտեսության հերթական ոստյունը բացատրող հայրենանվեր վերլուծություններով: Դե հիմա ձեր էդ խելքով պնդեք, որ վերջին 2-3 շաբաթների ընթացքում ՀՀ տնտեսությունը դարձյալ «թքել է», քանի որ նշված հատվածում դոլարը դրամի նկատմամբ աճել է ամբողջ 50 կետով»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG