Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանում գտնում են, որ նոր երկաթուղու կառուցումը չի բերի Հայաստանի մեկուսացմանը


Վրաստանի խորհրդարանի պատգամավորները գտնում են, որ Վրաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան իրար կապող Կարս-Ախալքալակ-Թբիլիսի երկաթուղու կառուցումը չի բերի Հայաստանի մեկուսացմանը:

«Այս նախագծով Վրաստանը ամենեւին չի ձգտում մեկուսացնել Հայաստանը: Հակառակը, մենք գտնում ենք, որ երկաթուղին օգուտ կբերի նաեւ Հայաստանին», - ըստ «ՌԻԱ-Նովոստի» գործակալության, հինգշաբթի օրը հայտարարել է Վրաստանի խորհրդարանի եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Բակրաձեն:

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բարդ հարաբերությունների պատճառով երկաթուղին չի գործում, եւ եթե Հայաստանը Թուրքիայի եւ Եվրոպայի հետ կապ հաստատի Վրաստանի տարածքով, ապա այս փուլում դա հաջող քայլ կլինի Հայաստանի համար», - ավելացրել է նա:

Վրաստանի խորհրդարանում երկաթուղու կառուցման հարցը արծարծվել է այն բանից հետո, երբ շաբաթասկզբին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մի շարք անդամներ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին հորդորել են դատապարտել Հայաստանը շրջանցող երկաթուղու կառուցումը , քանի որ այն «ոտնահարում է Հարավային Կովկասի տարածաշրջանում ամերիկյան շահերն ու նպատակները»:

Վրաստանի արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին, իր հերթին, հայտարարել է, թե «ծանոթ չէ Կոնդոլիզա Ռայսին ուղղված նամակի բովանդակությանը»:

«Մենք աշխատում ենք երկաթուղու այս նախագծի վրա եւ չենք բացառում այլ նախագծերը: Տեղյակ ենք, որ նախագիծը չի վայելում Հայաստանի հավանությունը, պատրաստ ենք նաեւ քննարկել այլ երթուղիներ, սակայն ոչ մեկի թույլ չենք տա կասեցնել այս կամ այն որոշումը, առավելեւս՝ Միացյալ Նահանգների միջոցով», - ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Հիշեցնենք, որ պետքարտուղար Ռայսին ուղղված նամակում ԱՄՆ կոնգրեսականները բողոքում էին, որ տարիների աշխատանք եւ 400 - 800 միլիոն դոլար պահանջող երկաթուղին, փաստորեն, շրջանցում է Հայաստանը այն դեպքում, երբ այս տարածաշրջանի երկրները իրար կապող երկաթուղի արդեն գոյություն ունի՝ Կարս - Գյումրի երկաթուղին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG