Մատչելիության հղումներ

Ղարաբաղի հայերի ընտրացուցակները ստանալու համար Ադրբեջանը դիմել է ԵԱՀԿ-ին


Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) դիմել է ԵԱՀԿ-ին՝ ստանալու «Խանքենդիի թիվ 122 ընտրատարածքում բնակվող Ադրբեջանի հայազգի քաղաքացիների ընտրացուցակները»:

Ադրբեջանի ԿԸՀ միջազգային կապերի պատասխանատու Ռովզատ Գասիմլին ANS հեռուստաընկերությանը հայտնել է, որ ԵԱՀԿ-ին ուղղված դիմումի մեջ նշվում է, թե «ընտրացուցակի ստացումը անհրաժեշտ է տվյալ տարածքում ընտրություններ անցկացնելու համար»:

Նա նաեւ հայտնել է, թե հարցը քննարվել էր ԿԸՀ նախագահ Մազահիր Պանախովի եւ ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավար Մաուրիցիո Պավեսիի վերջին հանդիպման ժամանակ՝ ավելացնելով, որ նույն բովանդակությամբ դիմումներ ուղարկվելու են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբ, Եվրախորհուրդ եւ միջազգային այլ կազմակերպություններ:

Գասիմլիի խոսքերով, շարունակվում է ընտրացուցակներում Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների ընգրկման գործընթացը, որի ավարտին կսկսվի ընտրողների վկայականների տարածումը:

Այս ամիս ավելի վաղ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) քարտուղար Վիդադի Մահմուդլուն հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները կարող են մասնակցել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ «ԿԸՀ-ն ձեւավորել է Խանքենդիի թիվ 122 ընտրատարածք, որտեղ կարող են քվեարկել բոլոր ղարաբաղցիները»:

«Մեր առաջարկն է, որ քվեատուփերը տեղակայվեն գրավյալ տարածքների մոտակայքում, որպեսզի ամեն մի ղարաբաղցի կարողանա գալ եւ մասնակցել նոյեմբերի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին», - ANS հեռուստաընկերությանը հայտնել էր Մահմուդլուն:

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հիման վրա ձեւավորվեն են նաեւ Աղդամի քաղաքային 118-րդ, Լաչինի 120-րդ, Քյալբաջարի 123-րդ, Շուշի - Ֆիզուլի - Խոջավենդի 124-րդ, Զանգիլան - Ղուբաթլիի 125-րդ ընտրատարածքները:

Խանքենդիի թիվ 122 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի նախագահը Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչ Ալահվերդի Դոլուխանովն է, իսկ հանձնաժողովի կազմում է «Խանքենդիի հայերի» ներկայացուցիչ, անկուսակցական Սվետլանա Գորչիեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG