Մատչելիության հղումներ

OPIC-ը ծրագրում է մինչեւ 100 մլն դոլարի ներդրումներ կատարել նախկին ԽՍՀՄ հանրապետություններում


ԱՄՆ-ի Արտասահմանյան մասնավոր ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր տնօրեն Ռոս Քոնելին հայտարարել է, որ կորպորացիան ծրագրում է մինչեւ 100 մլն դոլարի ներդրումներ կատարել նախկին ԽՍՀՄ 11 հանրապետություններում (բացի Բելառուսից եւ բալթյան երկրներից) իրականացվելիք ծրագրերում:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, կորպորացիան նաեւ պատրաստ է հանդես գալ որպես Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղըզստանում, Մոլդովայում, Ռուսաստանում, Թուրքմենստանում, Տաջիկստանում, Ուկրաինայում եւ Ուզբեկստանում գործող կապիտալ ներդրումների այն հիմնադրամների գործընկեր ու մասնակից, որոնք կողմնորոշված են դեպի հետխորհրդային տարածքի երկրները, եւ ներդնել դրանց ընդհանուր կապիտալի մինչեւ 33 տոկոսը:

«Ստեղծելով զարգացող շուկաների համար նոր ներդրումային հիմնարդամներ Եվրասիայում, OPIC-ը հույս ունի ընդլայնել տնտեսական զարգացումը տարածաշրջանում՝ ընկերություններին զարգացման համար անհրաժեշտ կապիտալներից օգտվելու հնարավորություն ընձեռել, դրանով իսկ տարածաշրջանը ավելի հրապուրիչ դարձնելով հնարավոր ներդրողների համար», - հայտարարել է Ռոս Քոնելին:

Միջոցները ծրագրվում է ուղղել մեծ ռիսկի (վենչուրային) նախագծերի իրականացմանը:

Արտասահմանյան մասնավոր ներդրումների կորպորացիան ԱՄՆ կառավարական կառույց է, որը ստեղծվել է 1971 թվականին՝ աջակցելու ամերիկյան բիզնեսին ներդրումներ կատարել արտասահմանում եւ խթանել նոր շուկաների տնտեսական զարգացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG