Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպմանն ընդառաջ «Հայոց աշխարհ»-ն այսօր բացասական տեսակետ է արտահայտել Ղարաբաղյան խնդրի հնարավոր կարգավորման վերաբերյալ՝ առավել հավանական դիտելով հակամարտության սառեցման տարբերակը. - «Հայաստանում եւ Ադրբեջանում Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ լուծումներ գտնելու, դրանք իրականություն դարձնելու եւ կյանքի կոչելու հարցերում երկու երկրների հասարակությունների, քաղաքական ուժերի անպատրաստ լինելը ներկայումս անհնար են դարձնում որեւէ ընդունելի, փոխզիջումային տարբերակի մշակումը»։ Թերթի մեկնաբանը համոզված է նաեւ, որ «ներկա աշխարհաքաղաքական իրողությունները անհնար են դարձնում նաեւ նոր հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսումը»: Ըստ «Իրավունք»-ի, դա հնարավոր է միայն մեկ տարբերակի դեպքում՝ երբ կարգավորման անվան տակ միջնորդների մի մասը փորձի ուժեղացնել սեփական դիրքերը տարածաշրջանում:

«Իրավունք»-ը, նկատելով, որ Կազանում կայանալիք նախագահների հանդիպման ընթացքում որեւէ փաստաթուղթ չի ստորագրվելու, շեշտել է. - «Այժմ Երեւանի եւ Բաքվի միջեւ առկա է դիվանագիտական փոխհրաձգություն։ Ադրբեջանցիների սպառնալիքի էությունն այն է, որ Ադրբեջանը հետեւողականորեն ավելացնելու է իր ռազմական ծախսերը՝ ժամանակի ընթացքում դրանք հասցնելով Հայաստանի ամբողջ բյուջեին, ինչը պիտի որ Հայաստանին ազատագրված տարածքների հարցում դարձնի ավելի զիջողամիտ»։ Ըստ թերթի մեկնաբանի, երկարատեւ հեռանկարի առումով այդ սպառնալիքը բավականին իրական է, քանզի, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն իր անհամեմատ հզոր տնտեսական ռեսուրսներով հանդերձ ունի մասնակցության իր բաժինը միջազգային կոմունիկացիոն ծրագրերին, իսկ Հայաստանի պարագայում ավելի մշուշոտ է դառնում Ռուսաստանից ռազմատեխնիկական եւ ռազմատնտեսական օգնության ստացումը: «Հետեւաբար, սպառազինությունների մրցավազքը, իրոք, կարող է վտանգավոր լինել Հայաստանի համար», - եզրահանգում է մեկնաբանը։

«Առավոտ»-ին տված հարցազրույցում «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը Ռուսաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող օգնության առնչությամբ ասել է. - «Երբ հայ մարդը 25 տարով իր տարածքները տվել է ռուսական բազաներին, ոչ մի կոպեկ չի ստանում: Եվ ոչ միայն բազաներից... Այնպես որ, պետք է զգույշ լինել եւ չփորձել ներկայացնել, թե Ռուսաստանը հայ ժողովրդին լավություն է անում: Դա այնքան էլ այդպես չէ: Հայաստանին նայում են որպես գաղութի»: «Իսկ ինչո՞ւ չեն խոսում այն մասին, որ արգելեցին Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը», - շարունակել է Մարգարյանը: - «Եթե շուկա ունեն եւ կարողանում են արտահանել իրենց գազը՝ թող արտահանեին ու չխոչընդոտեին գազամուղի շինարարությանը, որը, ըստ մասնագետների, Հայաստանին հնարավորություն կտար ե՛ւ սեփական հոգսերի համար գազ ստանալ, ե՛ւ որպես տարանցիկ երկիր դուրս գալ Եվրոպա: Եթե այդպիսի բարի քեռիներ են՝ ինչո՞ւ չեն մտածում երկաթգծի վերաբացման մասին: Իրենց երկաթգիծն է, եւ Հայաստանը չէ, որ պիտի ներդրումներ անի: Երբ Ռուսաստանի շահերը պահանջում են՝ նրանք նոր ճեպընթացներ են կառուցում»:

«Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը փորձում է սահմանադրական փոփոխություններ պարտադրել Հայաստանին, քանի որ ցանկանում է փրկել իր դեմքը», - «Առավոտ»-ի հարցազրույցում կարծիք է հայտնել քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Այդուհանդերձ, քաղաքագետը կանխատեսել է, թե «ժողովուրդն ուղղակի սահմանադրական հանրաքվեի չի գնա՝ անկախ այն բանից, թե ինչ կասի ընդդիմությունը, եւ հանրաքվեն կտապալվի»: Ըստ Ենոքյանի, սահմանադրական հանրաքվեն ընդունել տալու համար իշխանությունները չեն կարող կենտրոնացնել իրենց վարչական եւ օլիգարխիկ ռեսուրսները. - «Հանրաքվեի դեպքում նման բան չի լինի: Երբ մի քանի սափրագլուխներ կամ օլիգարխներ ժողովրդին փող են բաժանում կամ վախեցնում, որ մարդիկ քվեարկեն սրա կամ նրա օգտին, նրանք ունենում են իրենց մանր անձնական շահը: Հանրաքվեի պարագայում այդ խավը ոչ մի շահ չունի: Հնարավոր է, որ նման հրահանգ լինի Ռոբերտ Քոչարյանի կողմից, բայց նա էլ առանձնապես շահագրգիռ չէ այս բարեփոխումներն անցկացնելու մեջ»: Քաղաքագետը հավելել է, թե սահմանադրական բարեփոխումները կանցնեն միայն շատ կոպիտ ընտրակեղծիքներ անելու՝ թվեր նկարելու դեպքում:

«Հայկական ժամանակ»-ն այսօր տեղեկացրել է, թե օգոստոսի լույս 22-ի գիշերը, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի որդին` Արա Օսկանյանը նախարարությանը պատկանող «Աուդի Ա-6» մակնիշի ավտոմեքենայով, որը նախատեսված է Հայաստան ժամանած բարձրաստիճան հյուրերին սպասարկելու համար, վրաերթի է ենթարկել Երեւան քաղաքի բնակիչ Կարեն Գյունջյանին։ Վերջինս կյանքին վտանգ չսպառնացող կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Թերթը հիշեցրել է, որ նախորդ տարվա հունվարին էլ Արա Օսկանյանը Իրանի հայ համայնքի կողմից ՀՀ ԱԳՆ-ին նվիրված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Փարաքար գյուղի մատույցներում բախվել էր սյանը` ստանալով մարմնական վնասվածքներ եւ վնասելով պետական գույքը: Թերթի փոխանցմամբ, վերջին դեպքի առիթով հարուցված է քրեական գործ, քննությունը վարում է Երեւան քաղաքի պետավտոտեսչության քննչական բաժինը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG