Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 13-ը օգոստոսի)

«Հայաստանի հայտնի մարդիկ, որպես կանոն, չափազանցված պատկերացում ունեն իրենց օտար լեզուների իմացության մասին», - գրել է «Առավոտ»-ը։ Ըստ թերթի, նախարար Հովիկ Աբրահամյանը, պարզվում է, տիրապետում է ռուսերենին, անգլերենին եւ գերմաներենին։ «Ու այս կարգով գլուխ է գովել ոչ միայն նա, այլեւ շատերը», - գրել է թերթն ու նկատել, թե «Մեդիմաքս» գործակալության տպագրած «Ով ով է Հայաստանում» գրքում Հովիկ Աբրահամյանի կենսագրականից դուրս է մնացել սովետական բանակից զորացրվելուց հետո մինչեւ 1991 թվականն ընկած ժամանակահատվածը։ «Հավանաբար, «սուպերնախարարը» չի ցանկացել հիշել, թե ով էր ինքը մինչեւ հեղափոխությունը», - նկատել է «Առավոտ»-ը եւ շարունակել, թե «հայտնիների կենսագրականներում կրթության ժամկետների եւ ավարտած բուհերի մասին տեղեկություններից կարելի է կռահել, որ այսօր Հայաստանի հայտնի մարդկանցից շատերը «կրթվել են» մասնավոր բուհերի դիպլոմներով. - «Եվ որքան էլ զարմանալի է, նրանց ճնշող մեծամասնությունը իրեն ներկայացրել է որպես տնտեսագետ եւ իրավաբան»։

«Առավոտ»-ը տեղեկացրել է նաեւ, որ ուրբաթ օրը Արաբկիր համայնքի թաղապետ Լեւոն Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ու թերթին փոխանցել, թե «մտադիր չէ խառնվել սեպտեմբերի 25-ին նշանակված Արաբկիրի ընտրություններին ու չի առաջադրվելու»։ Ըստ թերթի աղբյուրների, Արաբկիրի թաղապետի պաշտոնակատար է նշանակվել օրերս թաղապետի տեղակալ դարձած ու առաջիկա ընտրություններում իր թեկնածութունն առաջադրելու մտադրություն հայտնած Հովիկ Շահինյանը։ Դարձյալ թերթի ոչ պաշտոնական տեղեկություններով, նախօրեին Հարությունյանի եւ Շահինյանի միջեւ «լուրջ ընդհարում է եղել»։

«Առավոտ»-ը փոխանցել է նաեւ մայրաքաղաքի Նուրաբարաշեն համայքի թաղապետի առաջիկա ընտրությունների շուրջ ծավալվող կրքերը։ «Նուբարաշենցիներին վաղուց արդեն հայտնի են առաջադրվելիք հիմնական թեկնածուները, որովհետեւ նրանք ժամանակից շուտ են բոբիկացել ու ջուրը մտել», - գրել է թերթը ու բաղդատել հավանական թեկնածուներին. - «Գործող համայնքապետ Ռոբերտ Ասատրյանը, նուբարաշենցիներից մեկի գնահատմամբ, թույլ թաղապետ է ու անշառ մարդ, որին ո'չ օրվա իշխանությունները, ո'չ որեւէ կուսակցություն առաջիկա ընտրություններում աջակցելու որեւէ նշան ցույց չեն տալիս, փորձում է յուրովի շահել իր ապագա ընտրողների համակրանքը։ Համայնքի բնակիչների ասելով, թաղում ով մեռնում է, նրա հարազատները թաղապետարան կամ թաղապետի տուն են գնում՝ իրենց օգնելու խնդրանքով։ Ու թաղապետը հատկապես վերջին շրջանում աշխատում է իր ապագա ընտրողներին չմերժել»։ Մյուս թեկնածուն՝ գործարար Մհեր Հովհաննիսյանը, ի տարբերություն գործող թաղապետի, հովանավոր ունի՝ ի դեմս Աժ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի։ Ըստ թերթի, Հովհաննիսյանի կողմնակիցները արդեն վաղուց սկսել են Նուբարաշենում տնետուն անցնել ու ստորագրահավաք անել, թեեւ օրենքը համայնքի ղեկավարի ընտրության համար ստորագրահավաք չի նախատեսում. - «Ընդ որում, շատ մի սովորական թղթի կտորի վրա ստորագրող մարդիկ պետք է նշեն իրենց անուն-ազգանունը, տան հասցեն ու անձնագրի սերիան: Հովհաննիսյանին, թերեւս, այդպես ավելի հարմար է՝ ոչ միայն իր ստացվելիք քվեները նախապես հաշվելու, այլեւ մրցակցի հնարավորությունները տնտղելու համար: Մարդիկ էլ ստորագրում են, որովհետեւ մի մասը վախենում է անախորժություններից, մյուս մասն էլ կամ արդեն ստացել է, կամ հույս ունի, որ կստանա գազալիցքավորման կտրոններ»:

«Գոլոս Արմենիի» թերթը այսօր իր մտահոգությունն է փոխանցել Ծիծեռնակաբերդի մարզահամերգային համալիրի նախապատրաստվող վաճառքի կապակցությամբ։ Թերթը գրում է, թե ծագումով մարտունեցի, մոսկվաբնակ գործարար Մուրադ Մուրադյանը նախագահ Քոչարյանին առաջարկել է 6 միլիոն դոլար վճարելով համալիրի դիմաց, հետագա 3 տարվա ընթացքում օբյեկտի վերակառուցման մեջ ներդնել եւս 9-10-ը միլիոն դոլար։ Թերթը, փոխանցելով Մուրադյանի խոստումը՝ պահպանել Մարզահամերգային համալիրի գործունեության պրոֆիլը, նկատում է. - «Տարեկան մի քանի համերգներ դեռ հնարավոր է մտաբերել, սակայն, ինչ-որ չի լսվել այստեղ խոշոր սպորտային միջոցառումների անցկացման մասին։ Եվ պե՞տք է, արդյոք, սրանց ինչ-որ բանի տեղ դնել, երբ մարզահամերգային համալիրը վաղուց ծառայում է իբրեւ աղանդավորների հավաքատեղի: Ամեն կիրակի այստեղ իրենց բազմահազարանոց ծիսակատարություններն են անցկացնում տարբեր աղանդավորական կազմակերպություններ»։ Թերթը, նշելով, որ թեեւ համալիրը գնելու առաջարկ արած գործարարը ժխտում է, որ պատրաստվում է համալիրին կից տարածքում շքեղ հյուրանոց կառուցել, գրել է. - «Այստեղ ցանկացած շինարարարություն, նույնիսկ կառավարության թույլտվությամբ, պետք է արգելվի, քանի որ հայտնի բան է՝ ինչ էլ որ կառուցեն նոր հայերը, լինի մարտունեցի թե մոսկվաբնակ, միշտ նույն բան է ստացվում՝ հյուրանոց, սաունա եւ ռեստորան։ Իսկ Ծիծեռնակաբերդում կառուցված հյուրանոցը ի վերջո անխուսափելիորեն կդառնա այն, ինչ մեր խոսակցական լեզվում կոչվում է բորդել»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG