Մատչելիության հղումներ

Թուրք պատմաբանը իրեն մասամբ մեղավոր է ճանաչում


Երեւանի Մալաթիա֊-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց մաքսանենգության մեջ մեղադրվող Թուրքիայի քաղաքացի, 33֊-ամյա պատմաբան Եքթան Թյուրքիլմազի նկատմամբ դատավարությունը:

«Հայաստանի քրեական օրենսգրքի 215 հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը կատարելու մեջ ես ինձ մեղավոր չեմ ճանաչում», - թարգմանչի միջոցով, թեեւ լավ տիրապետում է արեւմտահայերենին, դատարանում ասաց ամբաստանյալ Թյուրքիլմազը: Նրա նշած հոդվածը վերաբերում է «ռազմավարական կարեւորության մշակութային արժեքի մաքսանենգությանը»: Թուրք գիտնականը իրեն մեղավոր ճանաչեց միայն մաքսանենգության փորձ անելու համար:

«Ես երբեւիցե նպատակ չեմ ունեցել Հայաստանի Հանրապետության օրենքները խախտել եւ Հայաստանի Հանրապետությանը կամ հայ ժողովրդին որեւէ վնաս հասնելու», - իր ելույթը եզրափակեց Թյուրքիլմազը:

Մեղադրող Կորյուն Փիլոյանն իր ճառում մեղադրանքը հիմնավորեց նրանով, որ ամբաստանյալը հունիսի 17-ին Երեւանի «Զվարթնոց» օդակայանով Ստամբուլ մեկնելիս պատմամշակութային արժեք ներկայացնող 89 հնատիպ գրքեր, ձեռագրեր, բրոշյուրներ, ամսագրեր չի հայտարարագրել, իսկ դրանցից 7-ի համար չի ներկայացրել օրենքով պահանջվող արտահանման իրավունքի վկայագրեր: Նա թվարկեց բոլոր այն 7 նմուշները, որոնց արտահանման իրավունքը կթույլատրվեր միայն այն դեպքում, եթե Հայաստանի պետությունը չօգտվեր մեկ ամսվա ընթացքում դրանք գնելու իրավունքից:

Փիլոյանը նշեց, որ ամբաստանյալը խուսափել է 109 հազար 775 դրամ մուծումից: Նա պնդեց, թե ամբաստանյալը ծանոթացել է պատին փակցված մաքսային կանոններին, ապա նոր «մուտք է գործել մաքսային հսկման գոտի եւ ընտրել է ՀՀ մաքսային սահմանը հատելու «կանաչ ուղին», որը ենթադրում է հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայություն՝ փորձելով մաքսային հսկողությունից թաքցնելով Թուրքիա տեղափոխել վերը նշված պատմամշակութային արժեքները»:

«Դրանցով անցել է սահմանային եւ հատուկ զննման գոտիները, որից հետո ՀայաստանիՀանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները նրա ուղեբեռի կրկնակի զննման ժամանակ հայտնաբերել են վերոհիշյալ պատմամշակութային արժեք ներկայացնող գրականությունը», - շարունակեց Փիլոյանը:

Ազգային անվտանգության տվյալ աշխատակիցները գործով չեն անցնում որպես վկա, իսկ մաքսային տեսուչ վկաների հարցաքննությունից այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչն է հիմք դարձել ուղեբեռն ինքնաթիռից իջեցնելու եւ կրկնակի զննման համար:

Իսկ մեղադրական պնդումը, թե հանցագործությունը չիմացության արդյունք չէ, հիմնված է Երեւանի Վերնիսաժի Հնաոճ իրերի խանութի աշխատող Արմեն Խորենյանի նախաքննական ցուցմունքի վրա, թե ինքը գնորդին ասել է արտահանման կարգն ու թույլտվություն ստանալու տեղը: Վկա Խորենյանը դատարանում այսօր դա այնքան էլ չպնդեց, ինչպեսեւ՝ մյուս գրավաճառ վկաները:

Ամբաստանյալն ընդգծված, ոչ շինծու հարգանքով էր վերաբերվում դատարանին՝ դատավոր Ֆարխոյանի հարցերին պատասխանելիս անպայման փութով ոտքի էր կանգնում:

Վկաներից մաքսատան տեսուչ Հայկ Ստեփյանյանը ասաց, որ ուղեբեռը զննելիս ամբաստանյալն իրենց օգնում էր. - «Կային գրքեր, որոնք գրաբար էին, չէինք հասկանում՝ ինքը հասկանում էր»:

Դատավարությունը կշարունակվի երկուշաբթի օրը:

Դատական այսօրվա նիստին ներկա էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց. - «Հարգարժան ամբաստանյալը՝ Եքթանը, հավանաբար, առանց իմանալու, որ ինքը խախտում է այդ օրենքը, ըստ էության, խախտել է»:

«Այս հարցը երբեւէ պետք չէ դատական վարույթ մտներ, բայց քանի որ մտել է, ես հավատացած եմ, որ այս դատարանից կարելի է ակնկալել արդարացի վճիռ», - ասաց Հովհաննիսյանը:

Հարցին, թե Հայաստանի իշխանությունները որեւէ կերպ արձագանքել են իր հոր՝ հայտնի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի հղած նամակին, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. - «Որեւէ պատասխան հայրիկը չի ստացել: Հակառակը՝ նրան խոստացել էին, որ, եթե պիտի նախնական կալանքը չփոխարինվեր ազատ արձակմամբ, նա պիտի անձնական տեսակցության հնարավորություն ունենար, եւ իշխանությունները, փաստորեն, դրժեցին իրենց խոստումը այդ ուղղությամբ»:

«Հայոց ցեղասպանության միջազգային վերահաստատմանը ուղղված ավելի հուժկու հարված, քան այս դատավարությունը, դժվար է պատկերացնել», - շեշտեց «Ժառանգություն» կուսակցության նախագահը: - «Այստեղ գործող իշխանավորների կեղծ հայրենասիրության խաղարկման տպավորություն եմ զգում: Իրական հայրենասիրությունը, իմ կարծիքով, պահանջում է, որ պետությունը իր իշխանական ողջ կազմով փայփայի, գուրգուրի իր պատմամշակութային արժեքները: Թույլ չտա, որ Վերնիսաժի կիզիչ որեւի ներքո այդ պատմամշակութային արժեքները ենթարկվեն քայքայման, վաճառման եւ վերավաճառման: Իրական հայրենասիրությունը, կարծում եմ, պահանջում է, որ Հայաստանի Հանրապետության օրենքը՝ դա վերաբերի մաքսանենգությանը, կոռուպցիային, լրտեսությանը, պետական դավաճանությանը, կիրառվի հավասար՝ սկսելով գործող նախագահից, իր անձնակազմից, իր ընտանիքի անդամներից, ենթակա բոլոր նախարարներից եւ իրենց ընտանիքներից մինչեւ վերջին քաղաքացի»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG