Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական գաղտնի բանակցություններում քննարկվում են Ցեղասպանության, սահմանի բացման եւ գրավյալ տարածքների ազատագրման հարցերը


«Հայ-թուրքական գաղտնի բանակցություններում քննարկվում է 3 հարց», - հայտնում է The New Anatolian պարբերականը՝ վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուրներ:

Առաջին հարցը՝ ներկայիս հայ-թուրքական սահմանի ճանաչումն է: Հայ եւ թուրք դիվանագետների անցած ամիս կայացած հանդիպման ժամանակ Անկարան առաջարկել է, որ երկու երկրները «փոխանակեն նամակներ», որոնցով կողմերը կվերահաստատեն իրենց հավատարմությունը 1921 թվականի Կարսի եւ Գյումրիի պայմանագրերին: Հայ դիվանագետները մերժել են առաջարկը՝ պատճառաբանելով, որ, թեեւ Հայաստանը սահմանները ճանաչելու հետ կապված որեւէ խնդիր չունի, սակայն չի կարող ընդունել այդ պայմանագրերը, որովհետեւ այնտեղ Լեռնային Ղարաբաղը նշված է որպես Ադրբեջանի տարածք:

Երկրորդ հարցը սահմանի վերաբացման խնդիրն է: Անկարան հայտնել է, որ կքննարկի այդ հարցը, եթե հայերը դուրս բերեն զորքերը Ադրբեջանի 4 գրավյալ շրջաններից:

Երրորդ հարցը վերաբերում է Ցեղասպանությանը: Ըստ թուրքական դիվանագիտական աղբյուրների, հայկական կողմը առաջարկել է ստեղծել համատեղ հանձնաժողով՝ կազմված երկու երկրների պատգամավորներից, իսկ պատմաբաններից կազմված հանձնախումբը կարող է լինել պատգամավորական հանձնաժողովի ենթահանձնաժողովը: Թուրքական կողմը վերապահումով է վերաբերում այս առաջարկին, սակայն կողմերը համաձայնել են, որ պատմաբաններից կազմված հանձնաժողովում պետք է լինեն միայն Թուրքիայի, Հայաստանի եւ սփյուռքի գիտնականները եւ որեւէ երրորդ կողմ ներկայացված չպետք է լինի:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG