Մատչելիության հղումներ

Ընտրական օրենսգրքի՝ ԿԸՀ-ի տպագրած օրինակներում վրիպակների ու թերացումների պատճառը «շտապողականությունն է»


Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Գարեգին Ազարյանը հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ընդունեց, որ ԿԸՀ-ի աշխատակազմի պատրաստած Ընտրական օրենսգրքի հրատարակությունը ունի թերություններ ու բացթողումներ՝ բացատրելով, թե դրա պատճառը «շտապողականությունն է»:

Նա հավելեց, որ եղած թերություններն ու բացթողումները շտկվել են տպագրված բոլոր 5 հազար օրինակներում:

Ազարյանը նաեւ պնդեց, որ իրենց նախաձեռնած հրատարակությունը «նախատեսված է տեղամասային ընտրական եւ ընտրատարածքային հանձնաժողովների համար, եւ նրանց մասերում ոչ մի թերություն կամ բացթողում չկա»:

Հարցին, թե ինչպես է Ընտրական օրենսգրքի վերատպված օրինակներից դուրս մնացել դրույթը, որ քվեարկության հաջորդ օրը ժամը 12-ին ԿԸՀ-ն պետք է հրապարակի մասնակցության վերջնական արդյունքը, Ազարյանը պատասխանեց, թե դրա պատճառը «շտապողականությունն է»:

«Որպեսզի կարողանանք նոր կազմավորվող ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին եւ տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրել [Ընտրական օրենսգիրքը], որպեսզի կարողանան ինչ-որ բան ուսուցանել», - փաստարկեց նա: - «Իսկ այդ դրույթը, որը դուք անընդհատ մատնանշում եք, վերաբերում է համապետական ընտրություններին, դա վերաբերում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը, որն առնվազն հինգ վրիպակ մատնանշեց այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, ձեռքով շտկումների արդյունավետությանը չհավատաց. - «Միտումնավոր է, թե ոչ, տեխնիկական թերություններ են՝ պետք է օպերատիվորեն վերացնել»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG