Մատչելիության հղումներ

Կիպրոսը չի ցանկանում Միացյալ Նահանգներին հանձնել Բենոն Սեւանին


Կիպրոսի արտգործնախարարը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Կիպրոսը հազիվ թե Միացյալ Նահանգներին հանձնի ՄԱԿ-ի «Նավթ պարենի դիմաց» ծրագրի նախկին ղեկավար Բենոն Սեւանին:

«Ես նույնիսկ տեղյակ չեմ, որ նա այժմ Կիպրոսում է: Ամեն դեպքում, Կիպրոսում գոյություն ունի մեր քաղաքացիներին այլ պետություններ էքստադիցիայի սահմանադրական արգելք», - «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, ասել է արտգործնախարարը:

Անցյալ շաբաթավերջին ՄԱԿ-ի հատուկ հետաքննող խմբի ղեկավար Փոլ Վոլկերը 67-ամյա կիպրոսահային մեղադրել էր, որ 1997-2003 թվականներին, երբ վերջինս ղեկավարում էր Իրաքում ՄԱԿ-ի «Նավթ պարենի դիմաց» ծրագիրը, 150 հազար դոլար կաշառք է վերցրել: Այս սկանդալի մեջ ներգրավված ՄԱԿ-ի մեկ այլ նախկին աշխատակից Յուրի Յակովլեւը երկուշաբթի օրը ձերբակալվել է Նյու Յորքում:

Բենոն Սեւանը կտրականապես հերքել է իրեն ներկայացված մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր բանկային հաշվի վրա հայտնաբերված 150 հազար դոլարը ստացել էր անցյալ տարի մահացած մորաքրոջից:

Անցած շաբաթավերջին Սեւանը հրաժարական էր տվել ՄԱԿ-ում զբաղեցրած պաշտոնից՝ զրկվելով դիվանագիտական անձեռնմխելիությունից, եւ, ըստ տեղեկությունների, վերադարձել է Կիպրոս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG