Մատչելիության հղումներ

Էլիզաբեթ Ռութ. - «Կազանի հանդիպմանը մենք վերաբերում ենք որպես իրական հնարավորության»


«Մենք մեծ հավատ ունենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ համաձայնության ձեռքբերման համար պայմանների ստեղծման նկատմամբ: Դրա հետ կապված մենք Կազանի հանդիպմանը վերաբերվում ենք որպես իրական հնարավորության», - հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննի տեղակալ Էլիզաբեթ Ռութը:

Ըստ Բաքվի «525-րդ թերթ»-ի, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում դիվանագետը նշել է, որ«չնայած Կազանում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման հետ կապված ակնկալիքներին՝ պետք չէ սպասել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ամփոփիչ փաստաթղթի ստորագրում, քանի որ դրա համար անհրաժեշտ է շարունակել բանակցությունները»:

«Անձամբ ես չէի ակնկալի ամփոփիչ փաստաթղթի ստորագրում Կազանում: Ընդհանուր առմամբ հնարավոր է, որ մոտ ապագայում այդ համաձայնագիրը չի ստորագրվի: Սակայն մենք հույս ունենք, որ երկու կողմն էլ կմոտենան այն օրվան, երբ խաղաղ համաձայնագիրը իրականություն կդառնա: Դրա համար մենք ջանք չենք խնայում», - հայտարարել է Էլիզաբեթ Ռութը:

Դիվանագետի կարծիքով, խաղաղության հնարավոր կլինի հասնել «կամ հիմա, կամ հեռավոր ապագայում»: Այսինքն, ըստ նրա, կարճ ժամանակում հակամարտության կարգավորումը կախված է կողմերի կամքից, որոնք հայտարարել են համանախագահների հետ լուրջ աշխատանքներ տանելու պատրաստակամության մասին:

«Խաղաղության համար անհրաժեշտ հարցերը քննարկվում են արդեն 18 ամիս, եւ այդ քննարկումները կշարունակվեն: Սա այն խնդիրը չէ, որը կարելի է հեշտ լուծել: Հարկ կլինի ընդունել ծանր որոշումներ եւ ցուցաբերել կոշտ ղեկավարություն: Սակայն մենք հավատում ենք, որ պայմանները հասունացել են, եւ եթե կողմերը լուրջ աշխատանք տանեն, հնարավոր կլինի հասնել խաղաղության», - կարծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի տեղակալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG