Մատչելիության հղումներ

Ձերբակալված թուրք գիտնականի մայրը հուսով է, որ իր որդին ազատ կարձակվի


Մաքսանենգության փորձի մեջ մեղադրվող 33-֊ամյա գիտնական, Թուրքիայի քաղաքացի Եքթան Թյուրքիլմազի մայրը՝ Գյուլսիմ Թյուրքիլմազը, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հույս հայտնեց, որ իր որդին, ում նկատմամբ դատավարությունը Երեւանի Մալաթիա - Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանում սկսվելու երեքշաբթի օրը, ազատ կարձակվի:

«Կարծում եմ, նրան չեն ազատազրկի, եթե իմանար՝ չէր անի», - ասաց Գյուլսիմ Թյուրքիլմազը, ով ընդամենը մեկ օրով է եկել Հայաստան եւ արդեն այցելել էր որդուն: Նրա փոխանցմամբ, առողջական վիճակից խիստ դժգհություն որդին չի փոխանցել ու «ավելի շատ սպասողական վիճակում է»: Ասել է, որ ինքը մեղավոր չէ, քանզի չի իմացել, որ Հայաստանում այդպիսի օրենքներ կան:

Հայաստանի նախագահի եւ գլխավոր դատախազի աշխատակազմերից դեռեւս պատասխան չի ստացվել Թուրքիայի, Միացյալ Նահանգների մտավորակակաների, գործիչների նամակներին՝ ի պաշտպանություն գիտնականի: Հարցին, թե Թուրքիայի իշխանություններն այս կամ այն կերպ որեւէ վերաբերմունք ցույց տվե՞լ են այս առիթով, տիկին Թյուրքիլմազը պատասխանեց. - «Ոչ, միայն գիտնականները»:

Եքթանի Թյուրքիլմազի շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը հիշեցրեց թուրքական «Հյուրիեթ» թերթի հրապարակումը. - «Այնտեղ գրված էր, որ Հայաստանում ձերբակալվել է հայերի բարեկամ Եքթան Թուրքիլմազը»:

Նկատի ունենալով, որ Եքթանը փաստորեն հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ այդ հարցում Թուրքիայի քաղաքականությունը դատապարտող դիրքերից՝ Էլբակյանը շարունակեց. - «Մենք անգամ մտավախություն ունենք, որ ինքը, եթե անգամ ազատվի եւ վերադառնա Թուրքիա, կարող է այնտեղ իր նկատմամբ քրեական հետապնդում սկսվել»:

Էքթան Թյուրքիլմազը ձերբակալվել է հունիսի 17-ին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում: Նրա մոտ հայտնաբերվել էր հիսուն տարուց ավելի վաղեմություն ունեցող 88 գիրք, որոնց մի մասն օրենքը պահանջում էր հայտարարագրել, իսկ դրանցից 7-ը՝ առանց մշակույթի նախարարության համապատասխան մարմնի թույլտվության, արգելվում է արտահանել:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության շրջանակներում ստեղծված նախաքննության մարմինը որոշել է, որ Եքթան Թյուրքիլմազը «ռազմավարական տեսակետից կարեւոր մշակութային արժեքի մաքսանենգության փորձ է արել», եւ «հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով»: Այս մեղադրանքի համար սահմանված է մինչեւ 8 տարի ազատազրկում: Ի դեպ, Քրեական օրենսգրքի նույն հոդվածում, նույն պատժաչափով նկարագրված է թմրամիջոցների, թունավոր, ռադիոակտիվ, պայթուցիկ նյութերի, զենքի մաքսանենգությունը:

Հնարավոր է, որ մշակույթի նախարարության լիազորված մարմինն իրեն դիմելու դեպքում որոշեր, որ 7 գրքերն, ասենք, արտահանման ենթակա չեն ընդհանրապես: Դրանցից մեկը, օրինակ, 17-րդ դարի Աստվածաշունչ է:

«Համենայն դեպս, այդ բոլոր գրքերը ազատ վաճառքում են եղել տոնավաճառում՝ մասնավոր անձանց մոտ», - ասաց Վարդուհի Էլբակյանը՝ ավելացնելով, որ դրանք (նշված 7 գրքերը) Թուրքիլմազը գնել է 300-500 դոլարով:

«Եքթանը դրանք ձեռք է բերել ոչ օրենքի խախտմամբ», - իր հերթին ասաց Հրայր Ղուկասյանը, ով Թյուրqիլմազի երկրորդ պաշտպանն է լինելու:

Ի պաշտպանություն Եքթանի հանդես եկած օտարերկրյա մտավորականներն իրենց նամակներում ուշադրություն են հրավիրում մի այլ հանգամանքի վրա եւս. նրանից առգրավված սկավառակներում Հայաստանի պետական արխիվում օրինականորեն ուսումնասիրված նյութերն են՝ Հայոց ցեղասպանության շուրջ, որն օգտագործելու էր ԱՄՆ-ի Դյուք համալսարանում՝ գիտական թեզ պաշտպանելիս, որի թեման է.
«Թուրքական պետության ստեղծումը 1908֊1930 թվականներին»: Թեմայի մեջ ներառվում է հայկական եւ քրդական պետությունների պատմությունը:

Օգոստոսի 12-ին Երեւան է ժամանելու Դյուք համալսարանի նրա պրոֆեսորը՝ Օրինսթառնը՝ հետեւելու դատավարության ընթացքին: Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի խմբագրի եղբայրը, ով անձամբ ճանաչում է գիտնականին, եղել է Հայաստանում՝ տեսնելու, թե ինչով կարող է օգնել: Նույնպիսի փորձեր են անում Հայաստանում իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, ամենատարբեր ոլորտների գործիչներ:

«Եքթանը երբեք չէր կամենա այս երկրին վնաս հասցնել», ֊- զրույցի վերջում ասաց Եքթան Թյուրքիլմազի մայրը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG