Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Նախօրեին Եվրախորհրդի եւ ԵԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչները, Մեծ Բրիտանիայի դեսպանն ու ԱՄՆ փոխդեսպանը դրական գնահատական տվեցին սահմանադրական փոփոխությունների նախագծին՝ կոչ ուղղելով ընդդիմությանը դադարեցնել բոյկոտը եւ մասնակցել Ազգային ժողովի օգոստոսի 29-ի արտահերթ նստաշրջանին։ Անդրադառնալով դեսպանների սույն կոչին՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը «Առավոտ»-ին այսօր փոխանցել է. - «Մենք ժողովրդից մանդատ ենք ստացել ոչ թե սահմանադրական բարեփոխումներ անելու խոստումների, այլ երկրում սահմանադրական կարգի վերականգնման համար։ Այսօր մեր ժողովուրդն օտարացած է այն ամենից, ինչ կատարվում է Հայաստանում, եւ նրա համար միեւնույն է, թե սահմանադրական փոփոխություններն ինչ ճակատագիր կունենան»։ Նկատի ունենալով ընդդիմության հասցեին դեսպանների հնչեցրած քննադատությունը, Զեյնալյանը հավելել է. - «Իրենք կարող են ասել, իհարկե, որ չեն հասկանում մեր չմասնակցելը սահմանադրական փոփոխությունների քննարկումներին, բայց մեր ժողովրդի փոխարեն իրենք նույնն ասել չեն կարող: Մենք խորապես համոզված ենք, որ ժողովուրդը չի հասկանում, երբ ընդդիմությունը քննարկում է սահմանադրական փոփոխությունները»։

Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, մինչդեռ, սահմանադրական փոփոխությունների առնչությամբ «Հայոց աշխարհ»-ին այսօր փոխանցել է. - «Հիմա որքան էլ որոշ մարդիկ փորձեն սեւ կատու որոնել մութ սենյակում, երբ այդ կատուն այնտեղ ընդհանրապես չկա, ոչինչ չի հաջողվի։ Ժողովրդավարական զարգացումների առումով մենք քիչ ավելի հետ ենք մնացել, ուստի պետք է այս դաշտում ապահովենք այնպիսի մակարդակ, որ թույլ չտանք հնարավոր ցնցումներով խաթարվեն ձեռք բերված հաջողությունները։ Մեզ մնում է միայն մի բան՝ բացատրել հանրությանը սահմանադրական փոփոխությունների նախագծի դրական կողմերը եւ դրա ընդունման արդյունքում սպասվող դրական զարգացումները։ Ճիշտ քարոզչության դեպքում, համոզված եմ, մեր քաղաքացիները ավելի ողջամիտ կլինեն որոշ քաղաքական գործիչներից եւ կաջակցեն հանրաքվեի կայացմանն իրենց դրական որոշմամբ»։

«Իրավունք»-ը, վկայակոչելով նախագահի նստավայրի իր աղբյուրը, տեղեկացնում է, թե օրերս Ռոբերտ Քոչարյանը որոշում է կայացրել, որ առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված բոլոր հարցերը պետք է կոորդինացնի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Սարգսյանին նաեւ լայն լիազորություններ են տրված օգտագործել իշխանական բոլոր լծակները իրենց թեկնածուների հաղթանակն ապահովելու համար։ Թերթը պնդում է, թե այդ իրողությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Քոչարյանը որպես իրավահաջորդի տեսնում է միայն Սերժ Սարգսյանին։

Նույն թերթը, գնահատելով հայաստանյան քաղաքական մթնոլորտի փխրուն կայունությունը, գրում է. - «Այդ անդորրը բավականին խաբուսիկ է, քանի որ չեն դադարում իշխանության միջանցքներում ծավալվող ինտրիգները, երբ տարբեր խմբավորումներ փորձում են ուժային կառույցների միջին օղակներ խցկել իրենց կադրերին, եւ պարզ է, որ դա արվում է աշնանային տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ։ Միաժամանակ շարունակվում է իրար տակ փորելու ու իրար դեմ կոմպրոմատներ հավաքելու ներիշխանական «ջերմ» գործընթացը, որը ցանկացած պահի կարող է վերածվել լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվական հեղեղի»։ Թերթը նկատում է, որ քաղաքական դաշտի խաղացողներից ոմանք այս պահին բացահայտ զբաղված են կուսակցական կառույցներ ստեղծելով, օրինակ Սամվել Բաբայանը եւ Մանուկ Գասպարյանը: Ոմանք էլ դա անում են, այսպես ասած, ստվերային տարբերակով. - «Լուրեր են շրջանառվում, թե կուսակցություն է ստեղծում նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը, ԱԺ «ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը, օլիգարխներից ոմանք: Իսկ որոշ օլիգարխներ էլ գլխանց թաքուն բանակցում են արդեն իսկ գոյություն ունեցող կուսակցությունների հետ, որպեսզի գնեն 2007-ի կամ միգուցե արտահերթ կարգով նախատեսվելիք խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակների անցողիկ տեղերը», եզրակացրել է թերթի մեկնաբանը։

«Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը, «Առավոտ»-ի այսօրվա համարում հակադարձելով լրատվամիջոցներով տարածվող լուրերին, թե՝ ինքն ու Սերժ Սարգսյանը իբր պայմնավորվածություն ունեն, եւ ապագա նախագահական ընտրություններում Գեղամյանը պաշտպանելու է Սարգսյանին, ասել է. - «Լուրերը տարածողները կրկնակի նպատակ էին հետապնդում. երբ կահաբեկեին Գեղամյանին, բոլոր կասկածները Սերժի վրայից դուրս կգան, որովհետեւ հայտարարել են, թե մենք իրար հետ լավ ենք: Երկրորդ՝ Սերժ Սարգսյանի անվան հետ ում անունը կապվի, վարկաբեկվում է»: «Այսինքն՝ մեր շախմատի ֆեդերացիայի նախագահը հերթական անգամ բազմաքայլ կոմբինացիա արեց: Բայց չար գործն այս անգամ էլ տապալվեց», - որակել է Գեղամյանն ու հավելել. - «Ես Հայաստանում թշնամի չունեմ: Ի դեմս Քոչարյանի եւ Սարգսյանի, ունեմ լրջագույն քաղաքական հակառակորդներ, որոնք, հատկապես՝ Սերժ Սարգսյանը, չեն խորշում քաղաքական պայքարում դիմել խարդավանքների»: «Ազգային միաբանության» առաջնորդը այս կապակցությամբ մեծահոգաբար շետել է. - «Ես իմ զրահաշահիկը հաճույքով կնվիրեմ Սերժ Սարգսյանին, որն իր խարդավանքների արդյունքում շատ ու շատ թշնամիներ է վաստակել»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG