Մատչելիության հղումներ

«Օգոստոսին հնարավոր է ղարաբաղյան հակամարտության շուրջ համաձայնության ձեռքբերում»


«Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների՝ օգոստոսի 26-ին Կազանում կայանալիք հերթական հանդիպման ժամանակ հնարավոր է ղարաբաղյան հակամարտության շուրջ համաձայնության ձեռքբերում: Հիմնախնդրի շուրջ վերջին մեկ տարում անցկացված բանակցությունները թույլ են տալիս պնդել դա», - «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում ասել է Ճգնաժամերի միջազգային (International Crisis Group) խմբի Կովկասի նախագծի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:

Ադրբեջանական ANS-ի փոխանցմամբ, Ֆրեյզերը նշել է, որ «բնակչության ոչ բավարար տեղեկացվածությունը ծնում է դժգոհություն եւ շահարկումներ մամուլում»:

«Կարեւոր է, որ անկախ նրանից՝ ձեռք կբերվի որոշակի համաձայնություն թե ոչ, Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունները բնակչությանը տրամադրեն սպառիչ եւ հստակ տեղեկատվություն: Հակառակ դեպքում երկու երկրների ժողովուրդներն էլ բացասական վերաբերմունք կունենան ցանկացած համաձայնեցված հարցի վերաբերյալ», - նշել է Սաբինա Ֆրեյզերը:

Կազմակերպության հերթական ամենամսյա զեկույցի մեջ նշվում է, որ մամուլում քննարկվում է Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու հնարավորության հարցը, իսկ Ադրբեջանը մերժում է նման առաջարկը: Նշվում է նաեւ, որ Ադրբեջանի հասարակական կարծիքը շարունակում է մնալ խիստ, մինչդեռ Հայաստանում այն բավական մեղմ է:

Հիշեցնենք, որ Եվրոպական ոչ կառավարական Ճգնաժամերի միջազգային խումբ (International Crisis Group) կազմակերպության նախաձեռնությամբ Թբիլիսիում հուլիսի կեսերին կայացել էր ղարաբաղյան հակամարտությանը նվիրված փակ ֆորում՝ հայ եւ ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ:

«Կազմակերպության՝ նախագծի տեսքով պատրաստած փաստաթղթերին ծանոթանալուց հետո պարզ դարձավ, որ այն ավելի շատ համապատասխանում է հայերի շահերին: Այդ պատճառով ո’չ ես, ո’չ էլ Ադրբեջանի մյուս փորձագետները չհամաձայնեցինք եւ հայտնեցինք մեր բողոքը», - ANS-ին ասել էր Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Գյուլթեկին Հաջիեւան:

Նրա խոսքերով, քննարկման ներկայացված նախագիծը չէր արտացոլում «օկուպացիայի փաստը, եւ միտված էր Ղարաբաղում դե-ֆակտո գույություն ունեցող վարչակարգի լեգալացմանը»:

«Նախագծում հիշատակվում է նաեւ հայերի կողմից ներկայացվող շատ վտանգավոր՝ հանրաքվեի անցկացման մասին առաջարկը: Այդ պատճառով, իմաստ ունի լրջորեն մտածել եւ վերանայել այս փաստաթուղթը», - ասել էր Հաջիեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG