Մատչելիության հղումներ

«Ադրբեջանում շատ դժվար է հեղափոխություն իրականացնել»


«Ես բացառում եմ Ադրբեջանում հեղափոխության հնարավորությունը: Ի տարբերություն Վրաստանի, Ուկրաինայի եւ Ղրղըզստանի՝ Ադրբեջանի իշխանությունների նյութական կարողությունները շատ մեծ են, իսկ բանակը եւ ոստիկանությունը՝ վերահսկելի: Այդ պատճառով ես չեմ հավատում, որ Ադրբեջանում հնարավոր է հեղափոխություն: Ադրբեջանում շատ դժվար է հեղափոխություն իրականացնել», - «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Ջոն Հոփքինսի համալսարանի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ինստիտուտի հետազոտությունների գծով տնօրեն Սվանթե Քորնելը:

Մեկնաբանելով Ադրբեջան Միացյալ Նահանգների բարձաստիճան պաշտոնյաների հաճախակի դարձած այցերը, Քորնելը կարծիք է հայտնել, որ դա պայմանավորված է «անարդար ընտրությունների դեպքում կայունության խախտման հնարավորությամբ»:

«Նման ընտրությունները կարող են ճանապարհ հարթել վտանգավոր գործընթացների համար: Այդ պատճառով Միացյալ Նահանգները եւ բոլոր արեւմտյան կառույցները փորձում են պահպանել կայունությունը Ադրբեջանում, եւ նախօրոք ամեն ինչ անում են նորմալ ընտրությունների կայացման համար», - ասել է նա:

Անդրադառնալով ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի Ադրբեջան կատարելիք առաջիկա այցի նպատակներին՝ փորձագետը նշել է, թե Ռամսֆելդը «արդեն երկար ժամանակ ձգտում է հասնել Ադբեջանում ամերիկյան ռազմականի տեղակայման հարցի լուծմանը»:

«Այդ մասին բոլորը գիտեն: Սակայն, Ադրբեջանական կողմը հասկանում է, որ դրանով կարող է վնասել Ռուսաստանի եւ Իրանի հետ իր հարաբերություններին», - նշել է Սվանթե Քորնելը՝ համոզմունք հայտնելով, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի հերթական այցը Ադրբեջան նույնպես ապարդյուն կլինի:

Ի դեպ, անանուն դիվանագիտական աղբյուրը երեքշաբթի օրը հայտնել ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը, որ ամերիկյան ռազմակայանների տեղակայման հարցը քննարկվել էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի՝ հուլիսի վերջին Բաքվում կայացած համդիպման ժամանակ: Ըստ աղբյուրի, Իլհամ Ալիեւը ասել էր, թե «Ադրբեջանում չեն տեղակայվելու այլ պետության ռազմակայաններ»:

ԱՄՆ Ջոն Հոփքինսի համալսարանի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ինստիտուտի հետազոտությունների գծով տնօրենը անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, մասնավորապես՝ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների Կազանում կայանալիք հանդիպմանը:

«Չի կարելի նախօրոք հայտարարել, որ առաջիկա հանդիպման ժամանակ առաջընթաց է արձանագրվելու», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Սվանթե Քորնելը:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG