Մատչելիության հղումներ

Ռուսաստանաբնակ հայ գործարարը մտադիր է գնել Երեւանի մարզահամերգային համալիրը


Ռուսաստանյան «Բամո» շինարարական հոլդինգի նախագահ Մուրադ Մուրադյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում երեքշաբթի օրը հաստատեց, որ իրոք ցանկություն ունի գնել Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը:

Մուրադյանը Ռուսաստանի քաղաքացի է, ավելի քան 15 տարի ղեկավարում է «Բամո» շինարարական խոշոր ընկերությունը, որի կազմի մեջ մտնում են նաեւ հայաստանյան եւ գերմանական շուրջ 10 ընկերություններ: Ընկերությունը, որ զբաղվում է նաեւ ապակու, պատուհանների եւ դռների արտադրությամբ, մտադիր է խոշոր ներդրումներ անել Հայաստանում:

Մուրադյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը գնելու առաջարկով ինքը արդեն դիմել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ռուսաստանցի գործարարաը մտադիր է 13-15 միլիոն դոլար ներդնել եւ ամբողջությամբ վերանորոգել համալիրը եւ «շահագործել նույն նպատակի համար»:

Նրա փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանը արդեն հանձնարարել է ուսումնասիրել համալիրի վաճառքի հարցը: Մուրադյանը հույս հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները որոշումը կկայացնեն մեկ ամսվա ընթացքում:

«Հույս ունենք, որ կընդունվի մեր առաջարկությունը, որովհետեւ մենք շատ լավ առաջարկություն ենք արել», - ասաց նա:

Հայաստանի մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրենք արդեն նախագահի աշխատակազմից համապատասխան գրություն են ստացել՝ ռուսաստանյան «Բամո» ընկերությունը մարզահամերգային համալիրի վաճառքի հարցը ուսումնասիրելու հանձնարարականով:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG