Մատչելիության հղումներ

Կալանված նավի ուղեբեռը փոխանցվել է Աբխազիային


Վրաստանի իշխանությունները երկուշաբթի օրը աբխազական կողմին են փոխանցել Վրաստանի առափնյա անվտանգության ուժերի կողմից Պիցունդայի մոտակայքում հուլիսի 3-ին կալանված Աբխազիա շինանյութեր եւ հացահատիկ տեղափոխող թուրքական նավի ուղեբեռը, որի արժողությունը շուրջ 300 հազար դոլար է:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, Վրաստանի իշխանությունները նավապետին մեղադրել էին Վրաստանի պետական սահմանը խախտելու, մաքսանենգության եւ ապօրինի միգրանտներ տեղափոխելու մեջ: Ավելի ուշ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կայացրել էր ուղեբեռը հասցեատիրոջը փոխանցելու մասին որոշում:

Վրաստանի Փոթի քաղաքի դատարանը անցած շաբաթ 4 տարվա ազատազրկման է դատապարտել թուրքական «Թարիկ Գուներ» նավի նավապետին: Նավի վրա ձերբակալված Թուրքիայի 8 քաղաքացիները, որոնք վրացական կողմի պնդմամբ՝ ապօրինի միգրանտներ են, իսկ ռուսաստանյան լրատվամիջոցների համոզմամբ՝ անձնակազմի անդամներ, ազատ էին արձակվել 1000 լարի (շուրջ 600 դոլար) տուգանք վճարելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG