Մատչելիության հղումներ

Վարչապետը հանձնարարել է բավարարել «Ա1+»-ի՝ նոր տարածք տրամադրելու խնդրանքը


Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը համապատասխան գերատեսչությանը հանձնարարել է նոր տարածք հատկացնել տարիներ ի վեր զբաղեցրած տարածքից վտարման վտանգի առջեւ կանգնած «Ա1+» անկախ հեռուստաընկերությանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը փոխանցեց կառավարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Մերի Հարությունյանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանին հանձնարարել է «Մելտեքս» ընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանի հետ ուսումնասիրել տարածքի հետ կապված հնարավորությունները եւ բավարարել նրանց խնդրանքը:

«Մելտեքս» ընկերության (որի կազմի մեջ է մտնում «Ա1+» հեռուստաընկերությունը) նախագահ Մեսրոպ Մովսեսյանը, վարչապետ Մարգարյանին նամակ էր հղել հուլիսի 20-ին, երբ հեռուստաընկերությունը մայրաքաղաքի Գրիգոր Լուսավորիչ 15 շենքի վերին հարկերում ազատեց իր զբաղեցրած երկու սենյակները՝ դրանք հանձնելով Գիտությունների ազգային ակադեմիային, եւ ստիպված էր երկու օրվա ընթացքում ազատել նաեւ առաջին հարկում զբաղեցրած սենյակները:

«Հիմա ես սպասում եմ վարչապետի պատասխանին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մեսրոպ Մովսիսյանը՝ ավելացնելով, որ «Ա1+»-ի եւ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանի միջեւ ձեռք բերված համաձայնությամբ, որի մասին վերջինս տեղեկացրել էր կառավարությանը, հեռուստաընկերությունը պարտավորվել էր ազատել տարածքը միայն «հարցի լուծման դեպքում»:

«Մենք ունենք խնդիր կապված շենքում կատարած ներդրումների փոխհատուցման եւ գոնե դրա դիմաց որեւէ ուրիշ առաջարկ ստանալու հետ կապված», - պարզաբանեց Մովսեսյանը՝ ավելացնելով, որ իրենց ներդրումները կազմում են «ավելի, քան 30 հազար դոլար»:

«Ես ոչ մի պարտավորություն ինձ վրա չեմ վերցրել մինչեւ հարցի լուծումը», - ամփոփեց Մովսեսյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG