Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 29-ը հուլիսի)

«ՀՀՇ-ն խժռեց անցյալում ստեղծվածը, այս իշխանություններն ուտում են Հայաստանի ապագան», - ընդգծված մատուցում է «Ազգ»-ը: «98-ին, երբ «գունավոր հեղափոխություն» տերմինը դեռ չէր մտել քաղաքական բառապաշար, Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն: Նախորդ տարիներին զրկանքներ կրած, կեղեքված ու թշվառ բնակիչների մեջ հույս արթնացավ, որ այս երկրում ինչ-որ բան կփոխվի: Նրանց հույսերը մասամբ արդարացան, ինչ-որ բան փոխվեց, բայց՝ ոչ իրենցը», - փաստում է «Ազգ»-ը: - «Մինչ իշխանափոխությունը բոլորը մատով էին ցույց տալիս Վանո Սիրադեղյանի միհարկանի դղյակը, այն հիմա էլ կա, բայց անհամեմատ խղճուկ տեսք ունի Արտաշես Թումանյանի, Հովիկ Աբրահամյանի եւ մեր մականունավոր ու «աշխատավարձով տուն պահող» պաշտոնյաների դղյակների համեմատությամբ»: Հայացք ձգելով ապագային՝ «Ազգ»-ը նշում է. - «Եթե Հայաստանում իշխող այս վարչախմբին փոխարինելու է նրանց մի թեւը, ապա նման հեղափոխության կարիք չկա. ի վերջո, քրտինքով օրվա հաց աշխատող հայ մարդու համար ի՞նչ տարբերություն՝ Ռոբերտ Քոչարյանն է բազմել նախագահի աթոռին, թե Սերժ Սարգսյանն է լինելու նախագահ, կամ Արթուր Բաղդասարյանը»:

«Փոքր խմբով հարցը չի լուծվի», - «Առավոտ»-ում վստահեցնում է Վազգեն Մանուկյանը: - «Արկադի Վարդանյանն ասաց, որ հեղափոխական իրավիճակ է, իսկապես այդպիսի իրավիճակ էր՝ որեւէ բան չստացվեց: Արամ Կարապետյանը գնաց Սեւան, ասաց հեղափոխություն է անում՝ մի քանի հոգու ձերբակալեցին: Նույն ճակատագիրը կարող է սպասել մեզ կամ «Հանրապետություն» կուսակցությանը... Եթե մեկը միայնակ փորձի դա անել, բոլորը կողքից նայելու են, թամաշա են անելու: Այդ ուժն էլ գնալու եւ կոտրվելու է»: «Եթե խնդիրը միավորումներ չի առաջացնում, նշանակում է դեռ բավականին հասունացած չէ: Կարծում եմ, մեծ ուժի առկայությունը կարող է լուծել իշխանությունը ժողովրդին վերադարձնելու խնդիրը: Սա փոքր խմբով լուծելիք խնդիր չէ», - «Առավոտ»-ում բանաձեւում է ԱԺՄ նախագահը:

«Մի բան պետք է հասկանան թե’ ընդդիմությունը, թե’ դիմությունը ներկայացնող քաղաքական ուժերը. հանրաքվեի հնարավոր տապալումը ո’չ ընդդիմության հաղթանակը կդառնա, ո’չ էլ իշխանության պարտությունը, որովհետեւ սա պետության հեղինակության խնդիրն է», - «Հայոց աշխարհ»-ում ընդգծում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը՝ շարունակելով. - «Եթե մեր հասարակությունը մերժի եվրոպական կառույցների հավանությանն արժանացած, եվրոպական չափանիշերին համապատասխանող Սահմանադրություն ունենալու գաղափարը, եվրոպական համայնքի համար դա կնշանակի մի բան՝ Հայաստանն իր ընտրազանգվածով պատրաստ չէ ինտեգրվելու եվրոպական ընտանիքին»:

«Բարեփոխումների գործընթացը Հայաստանում այլընտրանք չունի», - «Գոլոս Արմենիի»-ի հարցազրույցում շեշտադրում է Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ ներկայացնելով «Օրինաց երկիր»-ի մոտեցումները. - «Մենք երկրում տեսնում ենք դրական տեղաշարժեր եւ մտադիր չենք ամեն ինչին նայել սեւ ակնոցով: Միաժամանակ մենք նաեւ պետք է խոստովանենք, որ այսօր իշխանությունում շատ բացթողումներ կան: Եթե չխոսենք այդ մասին, դա դեռ չի նշանակում, թե դրանք չկան»: Հարցին, թե մտադի՞ր է առաջիկա նախագահական ընտրություններում դնել իր թեկնածությունը, Բաղդասարյանը պատասխանել է. - «Այդ հարցին ես դեռ մեկ պատասխան ունեմ՝ մինչեւ առաջիկա նախագահական ընտրությունները դեռ բավականաչափ ժամանակ կա»:

Հարավային Կովկասի խորհրդարանական նախաձեռնության հերթական հանդիպումից հետո Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը, «Հայոց աշխարհ»-ում նշելով, որ, ըստ հունիսին ստորագրված համատեղ հուշագրի, մտադրություն կա մինչեւ 2007-ի հունվարը ձեւավորել Հարավային Կովկասի խորհրդարանական վեհաժողովը, ընդգծում է. - «Դա իսկապես կլիներ համագործակցության անհամեմատ լուրջ ու գործնական դաշտ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ: Բայց ակնհայտ է, որ լուրջ խոչընդոտներ կան»: «Դրանցից հիմնականը Ադրբեջանի պատվիրակության դիրքորոշումն է: Այն է՝ որեւէ համագործակցություն Հայաստանի հետ չի հաստատվի, քանի դեռ չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը», - ներկայացնում է Ազգային ժողովի փոխնախագահը՝ հավելելով. - «Անկեղծ ասած, չեմ կարծում, թե մինչեւ 2007 թվականի հունվարը ղարաբաղյան խնդիրը կլուծվի: Մանավանդ որ, ավելի է սաստկանում հակահայ քարոզչությունը Ադրբեջանում եւ այս պայմաններում վեհաժողովի ձեւավորումը հարցականի տակ է»:

«Պետական կարիքների զոհերը մտադիր են շարունակել պայքարը» վերնագրի ներքո անդրադառնալով Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների կառուցման համար իրացվող շենքերի բնակիչների բողոքներին, «Գոլոս Արմենիի»-ին առանձնացնում է մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանի դիրքորոշումը. - «Կառավարությունը գերազանցել է իր լիազորությունները՝ սահմանելով սեփականությունից օտարելու կարգը, խորհրդարանը դրա վրա աչք է փակում, իսկ նախագահը, դատելով նրա աշխատակազմի պատասխաններից, գտնում է, որ Սահմանադրությունը չի խախտվում»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG