Մատչելիության հղումներ

Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի տրանսպորտի նախարարները Ստամբուլում կքննարկեն Կարս - Ախալքալակ երկաթուղու նախագիծը


«Կավկազպրես» գործակալությունը երկուշաբթի օրը տեղեկացրել է, որ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի տրանսպորտի նախարարները այս ամիս կհանդիպեն Ստամբուլում՝ քննարկելու Կարս - Ախալքալակ - Թբիլիսի - Բաքու երկաթուղու կառուցման նախագծին առնչվող հարցեր:

ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով զբաղվող խմբի անդամներ Ջո Նոլենբերգը, Ֆրենկ Փալոնը եւ Ջորջ Ռադանովիչը հուլիսի 20-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել օրինագիծ, որով կարգելվի Միացյալ Նահանգներին աջակցել Հայաստանը շրջանցող Կարս - Ախալքալակ երկաթուղու ծրագրվող շինարարությանը:

«Հայաստանին տնտեսական եւ կոմերցիոն հնարավորություններից զրկելը վնաս կհասցնի տարածաշրջանում ԱՄՆ երկարաժամկետ շահերին», - ասել էր Նոլենբերգը: - «Միացյալ Նահանգները չպետք է օգնություն ցուցաբերի Հայաստանը շրջանցող Կարս - Ախալքալակ երկաթուղու կառուցմանը, որը անտեսում է գոյություն ունեցող Կարս - Գյումրի երկաթուղին, խոչընդոտում է տարածաշրջանային համագործակցությունը եւ ապակայունացնում Հարավային Կովկասը»:

Ըստ նախնական հաշվարկների, նոր երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ է առնվազն 600 միլիոնից մինչեւ 1 միլիարդ դոլար: Եվ, ըստ «Կավկազպրես»-ի վերլուծաբանի, վստահաբար կարելի է ասել, որ նախագծի մասնակից երկրները ֆինանսական աջակցություն կխնդրեն Միացյալ Նահանգների կառավարությունից՝ ինչպես եղավ Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի կառուցման ժամանակ:

Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ Կարս - Գյումրի երկաթուղու առկայության պայմաններում նոր երկաթուղու կառուցումը «անհեթեթություն» է: Մասնավորապես, հուլիսին Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը ասել էր, որ «այդ երկաթուղին Հայաստանի համար ձեռնտու չէ, եւ Հայաստանն ամեն ինչ անում է դրա կառուցումը թույլ չտալու համար»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG