Մատչելիության հղումներ

«Թուրքիան պատրաստ է ընդունել իր պատասխանատվությունը, եթե ցեղասպանությունը ապացուցվի փաստերով»


Մոնտեվիդեոյում Թուրքիայի դեսպան Սուքրու Թաֆանը Ուրուգվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ընթացքում չորեքշաբթի օրը հայտարարել է, որ «իր երկիրը պատրաստ է ընդունել սեփական պատասխանատվությունը , եթե ցեղասպանությունը ապացուցվի փաստերով»:

Դռնփակ նիստից հետո թուրք դեսպանը հրաժարվել է որեւէ մանրամասներ հաղորդել հանդիպման մասին: Փոխարենը՝ խորհրդարանի պատգամավորները հանդիպումը գնահատել են որպես շատ օգտակար եւ նույնիսկ՝ պատմական:

«Առաջին անգամ Թուրքիայի ներկայացուցիչը գալիս է Ուրուգվայի օրենսդիր մարմին՝ խոսելու 1915 թվականի դեպքերի մասին», - ասել է խորհրդարանում Ազգային կուսակցության ներկայացուցիչ Խայմե Դրոբոն:

Պատգամավորը տեղեկացրել է, որ հանդիպման ժամանակ խոսվել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ միջազգային հանձնաժողով ստեղծելու հայտնի առաջարկի մասին, եւ Թուրքիան խնդրել է Ուրուգվային մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին եւ աջակցել, որպեսզի այդ մարմինը «որոշի ցեղասպանության իրողության փաստը»:

Ուրուգվայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Լիլիան Քեչիջյանը ասել է, որ Ուրուգվայի կարող է հովանավորել կամ ուղղակի մասնակցել այդ հանձնաժողովի գործունեությանը՝ ավելացնելով, որ Ուրուգվայի խորհրդարանի հանձնաժողովը կարող է հրապարակել Թուրքիայի եւ Հայաստանի խորհրդարաններին ուղղված հայտարարություն:

Ուրուգվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը զարգացումների վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել՝ հանդես գալով նույն հանձնաժողովի անդամների հետ հանդիպում անցկացնելու խնդրանքով: Եվ, քանի որ հարցը վերաբերում է Հայաստանին, դեսպանը առաջարկել է որեւէ հայտարարություն չհրապարակել՝ Հայաստանի տեսակետին ծանոթանալուց առաջ: Հայաստանի դեսպանի առաջարկն ընդունվել է:

Անցած ապրիլին, հիշեցնենք, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնապես մերժել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեթ Թայիբ Էրդողանի՝ ցեղասպանության փաստն ուսումնասիրելու նպատակով համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկը՝ փոխարենը առաջարկելով առանց նախապայմանների նորմալ հարաբերություններ հաստատել երկու երկրների միջեւ:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG