Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին քննադատում է Բուշի դեմ մահափորձում «հայկական հետք» որոնողներին


Երեկ պետական պահակախմբի անդամներին բարձր պարգեւներ շնորհելիս Վրաստանի նախագահ Սահակաշվիլին քննադատել է վրացական զանգվածային լրատվամիջոցները եւ քաղաքական գործիչներին Բուշի դեմ մահափորձի մեջ «հայկական հետքեր փնտրելու», ահաբեկչական գործողություն կատարելու մեջ կասկածվող Վլադիմիր Հարությունյանի հայկական ծագումն ընդգծելու համար:

«Ես հատկապես ուզում եմ ընդգծել, որ այժմ շատ հաճախ են խոսում ահաբեկչության մեջ կասկածվողի ազգային ծագման մասին: Ե’վ զանգվածային լրատվամիջոցները, ե’ւ քաղաքական գործիչները հաճախ են ասում, որ նա հայ է եւ նռնակն էլ հայկական է: Նրանք հստակ ընդգծում են այդ հանգամանքը: Ես ուզում են բոլորին ասել, որ այսօր եղել եմ Հարությունյանի կողմից սպանված ոստիկանի ընտանիքում: Այդ ոստիկանի կինը, Սվետլանա Քադյանը նույնպես հայ է: Իր կյանքը զոհած հերոսի կինը նույնպես հայկական ծագում ունի: Բայց դա ինձ համար որեւէ նշանակությւոն չունի: Նրանք բոլորը մեր ժողովրդվի, մեր պետության զավակներն են», - ասաց Սահակաշվիլին:

Իսկ Թբիլիսիի կենտրոնական կլինիկայի թերապիայի բաժնի վարիչ Նիկա Չադունելին երեքշաբթի օրը հայտարարել է, որ Վլադիմիր Հարությունյանը «հոգեկան հիվանդ չէ»:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, Չադունելին տեղեկացրել է, որ տեղի հոգեբույժների անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հարությունյանը չի տառապում հոգեկան խանգարումներով՝ ավելացնելով, որ Հարությունյանի ներկա վիճակը թույլ է տալիս նրան տեղափոխել բանտային հիվանդանոց:

Վլադիմիր Հարությունյանը ձերբակալվել էր անցած չորեքշաբթի Վրաստանի ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, որոնց ընթացքում հատուկջոկատայիններից մեկը զոհվել էր, իսկ մեկ այլ իրավապահ եւ Հարությունյանը՝ վիրավորվել:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG