Մատչելիության հղումներ

Գերմանիայի նախագահը լուծարում է Բունդեսթագը


Գերմանիայի նախագահ Հորսթ Կելերը հինգշաբթի երեկոյան հանդես է եկել հատուկ հեռուստաելույթով՝ հայտարարելով Բունդեսթագը լուծարելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:

«Վերջին շրջանում Գերմանիան կանգնել էր լուրջ խնդիրների առջեւ, եւ այս բարդ իրավիճակում մեր երկիրը կրկնակի եռանդով աշխատող կառավարության կարիք ունի», - ըստ «ՌԻԱ-Նովոստի»-ի, հեռուստաելույթում ասել է Կելերը:

Բունդեսթագը լուծարելու որոշման պատճառը պատգամավորների մեծամասնության կողմից հուլիսի 1-ին գործող կանցլեր Գերհարդ Շրյոդերին նկատմամբ անվստահության քվեն էր:

Խորհրդարանական ընտրություններում հաղթելու ամենահավական թեկնածուն համարվում է Գերմանիայի քրիստոնեադեմոկրատական միությունը (ՔԴՄ), որը հունիսին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւի ընդունման նախաձեռնողներից էր եւ հետեւողականորեն հանդես է գալիս Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դեմ:

Օրերս ՔԴՄ առաջնորդ Անգելա Մերկելը, որին համարում են Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնը զբաղեցնելու ամենահավանական հավակնորդը, Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի եւ վարչապետ Դոմինիկ դե Վիլպենի հետ հանդիպումից հետո հայտարարել էր. -
«Եթե ՔԴՄ-ն հաղթի աշնանը կայանալիք վաղաժամկետ ընտրություններում, ապա մենք ինտենսիվ քննարկումներ կունենանք Թուրքիայի հարցով... Մենք պետք է լուծումը գտնենք արտոնյալ գործընկերության շրջանակներում, ինչը Թուրքիային ավելի մոտ կդարձնի Եվրոպային՝ առանց Եվրամիությանը անդամակցելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG