Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծին աջակցում են արդեն 80 կոնգրեսականներ


Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ ընդամենը 2 օրվա ընթացքում 80 կոնգրեսական սատար է կանգնել իր նախաձեռնած օրինագծին, որով առաջարկվում է «հարգել 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը եւ հորդորել Թուրքիային ճանաչել 0սմանյան կայսրության դերը կատարված բռնություններում»:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին Ադամ Շիֆի գրասենյակից, փաստաթուղթը կոչ է անում Թուրքիային ավելին անել եւ «արդար լուծում գտնել հայ ժողովրդի հետ»:

Շիֆի ներկայացրած օրինագծում Կոնգրեսին առաջարկվում է նաեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը աջակցել միայն այն դեպքում, եթե այդ պետությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

«Ես երախտապարտ եմ իմ գործընկերներին, որոնք այդքան արագ եւ մեծ պատրաստակամությամբ աջակցեցին ցեղասպանությունը ճանաչող օրինագծին եւ հորդորում եմ բոլոր քաղաքացիներին զանգահարել իրենց ընտրած պատգամավորներին եւ կոչ անել սատար կանգնել այս օրինագծին», - հայտարարել է հայաշատ Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Ադամ Շիֆը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG