Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրես ներկայացված օրինագծով առաջարկվում է արգելել աջակցությունը Կարս-Ախալքալակ երկաթուղու շինարարությանը


Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը, ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով զբաղվող խմբի անդամներ Ջո Նոլենբերգը, Ֆրենկ Փալոնը եւ Ջորջ Ռադանովիչը չորեքշաբթի օրը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել օրինագիծ, որը կարգելի Միացյալ Նահանգներին աջակցել Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալակ երկաթուղու ծրագրվող շինարարությանը:

Օրինագիծն առաջարկում է արգելել Միացյալ Նահանգներին աջակցություն ցուցաբերել Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը կապող, սակայն Հայաստանը շրջանցող երկաթուղու կառուցմանը:

«Հայաստանին տնտեսական եւ կոմերցիոն հնարավորություններից զրկելը վնաս կհասցնի տարածաշրջանում ԱՄՆ երկարաժամկետ շահերին», - ասել է Նոլենբերգը: - «Միացյալ Նահանգները չպետք է օգնություն ցուցաբերի Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալակ երկաթուղու կառուցմանը, որը անտեսում է գոյություն ունեցող Կարս - Գյումրի երկաթուղին, խոչընդոտում է տարածաշրջանային համագործակցությունը եւ ապակայունացնում Հարավային Կովկասը»:

Ըստ նախնական հաշվարկների, նոր երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ է առնվազն 600 միլիոնից մինչեւ 1 միլիարդ դոլար: Եվ, ըստ «Կավկազպրես»-ի վերլուծաբանի, վստահաբար կարելի է ասել, որ նախագծի մասնակից երկրները ֆինանսական աջակցություն կխնդրեն Միացյալ Նահանգների կառավարությունից՝ ինչպես եղավ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցման ժամանակ:

Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ Կարս-Գյումրի երկաթուղու առկայության պայմաններում նոր երկաթուղու կառուցումը «անհեթեթություն» է: Մասնավորապես, անցած ամիս Միացյալ Նահանգներ կատարած իր այցի ժամանակ նման կարծիք էր հայտնել արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG