Մատչելիության հղումներ

Լեհաստանը եւ Լիտվան հետաքրքրություն են ցուցաբերում ՎՈւԱՄ-ի նկատմամբ


Վարշավայում ընթացող լեհ-ուկրաինական միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցող Լեհաստանի, ինչպես նաեւ դիտորդի կարգավիճակով ներկա Լիտվայի պատվիրակությունները հինգշաբթի օրը բարձրաձայնել են ՎՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպության նկատմամբ իրենց հետաքրքրությունը:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, ուկրաինական պատվիրակության ղեկավար Սերգեյ Բիչկովը հայտնել է, որ Լեհաստանը շահագրգռված է իր էներգետիկ ռեսուրսները դիվերսիֆիկացնելու եւ իրանական գազի տարանցիկ փոխադրումը իր տարածքով իրականացնելու հարցում:

Անցած շաբաթավերջին Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Պյոտր Պորոշչենկոն հայտարարել էր, որ Ուկրաինան մտադիր է միանալ դեպի Եվրոպա իրանական գազի արտահանման միջազգային կոնսորցիումին: Ըստ նրա, քննարկվող նախագիծը «չափազանց շահավետ եւ եկամտաբեր է»: Նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 10 միլիարդ դոլար է:

«Փորձագետների մակարդակով մշակվել են մի քանի տարբերակներ՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Սեւ ծովի տարածքով: Մեկուկես ամսվա ընթացքում փորձագետները պետք է հաշվարկեն ծախսերը եւ այդ նախագծերից ընտրեն ամենաընդունելի տարբերակը», - հայտարարել էր Պորոշչենկոն՝ ավելացնելով, որ հուլիսի 24-25-ը Իրանում պետք է կայանա շահագրգիռ երկրների էներգետիկայի փոխնախարարների հանդիպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG